Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտնվել է դաշնային հետաքննության տեսադաշտում Թուրքիայի օգտին հնարավոր անօրինական լոբբիստական գործով: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջուլիանիի գործողություններն առաջին անգամ հարցեր են առաջացրել 2017 թվականին, երբ նրան վարձել են ներկայացնելու թուրք գործարար Ռեզա Զարաբին փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափելու գործով: Այդ ժամանակ Թրամփի օգնականը անձամբ է խնդրել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կարճել գործի քննությունը: Սակայն արդյունքում գործարարն իրեն մեղավոր է ճանաչել:
Բացի դրանից, Ջուլիանին վարչակազմին կոչ է արել արտաքսել ԱՄՆ-ում գտնվող թուրք գրող և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է հեղաշրջում կատարելու սադրանքի համար: