BBC ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է վերջին ընտրություններին, պատերազմին, դրան նախորդած իրադարձություններին։
Խոսելով ընտրությունների մասին՝ նա ասել է․
«Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է ընտրություններում, բայց այդ հաղթանակի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Մենք մշտապես ասել ենք, որ երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, որի մի մասը օկուպացված է հարևան երկրի կողմից, որի մեծաքանակ զինվորներն ու զինվորականները գտնվում են գերության մեջ, երկրում, որտեղ դեռ բոլոր զոհերի մասունքները հանձնված չեն հողին, առհասարակ ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ։ Բայց, ցավոք, ընդդիմության հայացքներն այս հարցում չհամընկան, և շատերը, իրենց անձնական հետաքրքրություններից ելնելով, որոշեցին գնալ ընտրությունների։ Եվ մենք ստիպված էինք մասնակցություն ունենալ այդ ընտրություններին։ Մենք սպասում էինք կոնկրետ խախտումների, ռեպրեսիաների, ինչի ականատեսը իսկապես եղանք վերջին երկու օրերին։ Մեր ակտիվիստներն իսկապես բռնության ենթարկվեցին՝ սկսած անօրինական խուզարկություններից, ձերբակալություններից, ավելին՝ դատարանների կողմից արձանագրված, որովհետև դատավորները գրեթե բոլորին ազատ արձակեցին»։
Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը Փաշինյանին մեղադրում է ոչ թե նրանում, որ ստորագրել է եռակողմ համաձայնությունը, երբ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և իսկապես շատ մոտ էին գտնվում Ստեփանակերտին, այլ իր ստեղծած իրավիճակի համար։
«Նա բազմաթիվ հնարավորություններ ուներ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Վստահաբար։ Դա իմ ենթադրությունը չէ, այդ մասին, ինչպես դուք ասացիք, ասված է Ռուսաստանի նախագահի հայտարարություններում։ Բայց դրանից առաջ էլ բազմաթիվ կոպիտ սխալներ են թույլ տրվել։ Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն և միայն Հայաստանի սխալների պատճառով։ Ո՛չ։ Ադրբեջանը մշտապես ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, բայց նրա գործողությունները միջազգային հանրության համար երբեք չէին համարվի լեգիտիմ։ Եվ փաստացի միջազգային հանրության արձագանքն այնպիսին չէր, ինչպիսին պետք է լիներ։ Իսկ մենք ի՞նչ տեսանք սեպտեմբերի 27-ին և դրանից հետո․ մեկ-երկու անհանգստացած հայտարարություններ, որոնք ի վիճակի չէին խաղաղեցնել Ադրբեջանին և առավել ևս Թուրքիային։ Դրան նախորդել են ավելի ծանր հանցագործություններ, որոնք թույլ են տրվել իշխանության գալուց անմիջապես հետո։ Նրանք սկսեցին վարկաբեկել բանակը՝ հասցնելով այն գրեթե կազմաքանդման։ Նրանց թվում էր, թե ռազմական գործողություններ տեղի չեն ունենա, որովհետև իրենք ժողովրդավար են, որովհետև վայելում են ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն։ Ո՞վ կարող է համարձակվել հարձակվել այն երկրի վրա, որն ունի խիստ լեգիտիմ և ժողովրդավարական իշխանություն, իսկ հարձակվող կողմում, ինչպես ինքն էր ասում, բռնապետություն է։ Իհարկե, դրան հաջորդեց շատ կոպիտ սխալ․ խոսքը Փաշինյանի՝ «Արցախը Հայատան է, և վերջ» հայտարարության մասին չէ, այլ այն հայտարարության, որ նա բանակցություններ չի վարի այնքան ժամանակ, քանի դեռ դրանց չի մասնակցի Ղարաբաղը։ Որքան տհաս պետք է լինել, որպեսզի չհասկանալ, որ նա այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առջև: Քանի որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները հինգ հայտարարություն են արել, որոնցում խոսել են ինչպես սկզբունքների, այնպես էլ ձևաչափի մասին: Եվ ակնհայտ էր, որ Ղարաբաղը չի կարող դառնալ բանակցությունների լիարժեք կողմ: «Լիարժեք» ասելով նկատի ունեմ իր դրոշով ու նախագահով: Դա բացարձակ անհնար էր: Այնուհետեւ, ինչպես իրենք են անվանում, հաղթական ռազմական գործողությունները (2020-ի ամռանը), իսկ իմ կարծիքով՝ կործանարար գործողությունները, որոնք պարզապես քշեցին Ադրբեջանին անկյուն, և Ադրբեջանն, իհարկե, պետք է ինչ-որ բան աներ»։
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ոչ մեկը չի կարող իրեն մեղադրել «ոչմիթիզականության» մեջ, քանի որ ինքը երբեք այդ սկզբունքի պաշտպանը չի եղել, անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Աղդամն իր հայրենիքը չէ։ Նախագահը շեշտել է, որ ինքը պատրաստ էր կրել դավաճանի խարանը, միայն թե այս ճակատագրին չարժանանայինք, քանի որ երբևէ չի մտածել իր վարկանիշի կամ պատմության մեջ մնալու մասին։
Հարցազրույցում Սարգսյանը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացն սկսելն է իրեն ստիպել ստանձնել վարչապետի պաշտոնը նախագահական երկու ժամկետից հետո:
«Մենք պարտավորվել էինք հինգ շրջաններ վերադարձնել Ադրբեջանին: Երկու շրջանների վերադարձը սերտորեն կապված էր, բացառությամբ այն միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Հանրաքվեի օրը կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման ինչ-որ գործընթաց: Նախագահ Ալիևը գործնականում համաձայն էր սրա հետ: Քանի որ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան իրադարձություններից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- նշել է նախագահը։