Այսօր հասարակական և քաղաքական ոլորտում վիրավորանքի, հայհոյանքի, բռնության ու ատելության խոսքի պակաս գրեթե չկա: Մանավանդ նախընտարական քարոզարշավի ընթացքում հայհոյանքն ու վիրավորանքը, բռնության կոչերն ու սպառնալիքները պաշտոնյաների, ինչպես նաև սովորական քաղաքացիների առօրյա բառապաշարն էին դարձել:
Օրագիր.news-ի զրուցակիցն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը, ով մեկնաբանում է ոլորտում տիրող քաոսային վիճակը:
-Տիկի՛ն Դոյդոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ներքաղաքաղական ոլորտում տիրող իրավիճակը:
-Վստահ եմ, որ ներքաղաքական զարգացումները չեն այս վիճակի պատճառը: Կարծում եմ՝ սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունների հետ է կապված վիրավորանքի ու զրպարտության տարածման բուն պատճառը, քանի որ մարդիկ համացանցում հնարավորություն ունեն արտահայտվելու և հնչեցնելու նաև անօրինական խոսք՝ զրպարտություն, վիրավորանք, ատելության ու սպառնալիքի կոչ և այլն: Մենք ավելի լարված ներքաղաքական կյանք, ճգնաժամեր ու քաղաքական իրավիճակներ ենք ունեցել՝ ցույցեր, խռովվություններ, բայց տվյալ ժամանակահատվածը չի բնորոշվել անօրինական խոսքի զարգացման ու տարածման բարձր ցուցանիշներով: Պետք է հասկանալ, թե ի՞նչն է իրականում նպաստում տվյալ վիճակի զարգացմանը: Սոցիալական ցանցերի միջոցով մարդիկ կարողանում են անանուն կամ կեղծ անուններով ասել այն ամենը, ինչը հարմար են գտնում և ինչը ցանկանում են տարածել: Իհարկե, ողջունելի է, որ կա ազատ արտահայտվելու հնարավորություն, կարծիքն ու համոզմունքներն արտահայտելու մեխանիզմներ ու միջոցներ, սակայն վատ է, որ մարդիկ չեն հասկանում՝ ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող մեկնաբանվել ու օգտագործվել որպես բացարձակ իրավունք: Երբ քո խոսքը վնասում է այլոց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը, խախտում իրավունքները, ուրեմն այն պետք է դիտվի որպես անհրաժեշտորեն սահմանափակվող իրավունք: Ի վերջո, ազատ արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ:
-Արդյո՞ք պետք է իրավական կոշտ լուծումներ տալ խնդրին ու էլ ավելի խստացնել սահմանափակումները:
-Կարծում եմ, որ սխալ է իրավական լուծումների խստացման մեխանիզմների կիրառումը: Ի վերջո, բոլոր այն իրավական կարգավորումները, որոնք անհրաժեշտ են ոլորտի կարգավորման համար, մեր օրենսդրության մեջ կան, նոր բան հնարելու և ընդունելու անհրաժեշտություն չկա: Ընդհակառակը, վստահ եմ, որ կոշտ ու խիստ միջամտություն տվյալ ոլորտում, այն էլ ներքաղաքական դաշտում, բացարձակ անհարկի է: Այն կարող է նույնիսկ հանգեցնել ավելորդ չարաշահվող սահմանափակումների: Ուստի՝ կարծում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ է պետք կիրառել: Դրանցից առաջինը և առավել երկարատև ազդեցություն ունեցող լծակը հանրային կրթությունն է: Հասարակության յուրաքանչյուր անդամ՝ մանկապարտեզից ու դպրոցից սկսած մինչև համալսարան ու աշխատատեղ, պետք է յուրացնի այն տարրական գիտելիքը, որ ազատ արտահայտվելու իրավունք դեռ չի նշանակում բացարձակ խոսք՝ հայհոյանք, բռնություն, ատելություն, վիրավորանք ու զրպարտություն: Ազատ խոսք նշանակում է, որ ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անելու կամ հանցագործություններ կանխելու նպատակով, դու իրավունք ունես կարծիք արտահայտելու կամ տեղեկություն հաղորդելու հասարակության, եթե նույնիսկ քո խոսքը հանգեցնում է այլոց իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն ու ոտնահարմանը: Ինչպես, օրինակ, որոշ դեպքերում լրագրողները գրում են պաշտոնյաների անձնական կյանքի վերաբերյալ։ Այո, այս պարագայում կա խախտում՝ միջամտություն անձնական կյանքին, սակայն դա արվում է հանրային ավելի լայն շրջանակի շահերի պահպանության նպատակով: Տվյալ դեպքում արդարացված է խոսքի ազատությունը, բայց հայհոյանքն ու ատելության խոսքը հանրային շահով պայմանավորված որևէ արդարացում չունի, դրանք բոլոր դեպքերում անօրինակ խոսք են և պետք է սահմանափակվեն: 2-րդը լծակը վերաբերում է լրագրողական համայնքի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը, որը նույնպես որպես լուծում կարող է դիտարկվել: Լրատվամիջոցի լսարանը պետք է լավ պատկերացնի, թե ինչ մեդիայի հետ նա գործ ունի, որ մեդիա արտադրանքն է նա սպառում, թե ովքեր են լրատվամիջոցների ֆինանսավորողները և որ քաղաքական ուժը կամ մեծահարուստ գործարարն է կանգնած տվյալ լրատվամիջոցի հետևում, որն էլ բնականաբար թելադրում է տվյալ ԶԼՄ-ի բովանդակությունը: Պետք է պահանջենք, որ ԶԼՄ-ները լինեն բաց, հաշվետու ու թափանցիկ հասարակության յուրաքանչյուր անդամի համար: 3-րդ կետն ինքնակարգավորման մեխանիզմների զարգացումն ու հզորացումն է հասարակության մեջ, որպեսզի վնասված ու վիրավորված մարդը, տուժած քաղաքացին իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն ունենա: Դրանք կարող են լինել էթիկական ինքնակարգավորման կառույցներ, ինչպես «Հայ դիտորդը», որը հրապարակային կարծիք է տալիս, թե տվյալ հրապարակումը բերել է լրագրողական մասնագիտական կամ էթիկական կանոնների խախտմանը, թե՝ ոչ: Տեղեկատվական վեճերի խորհուրդը նույնպես նույն գործառույթն է իրականացնում: Վերջապես, շատ կարևոր է, որ մենք գործ ունենանք նաև անկախ դատական համակարգի հետ, որպեսզի արդար ու անաչառ որոշումներ կայացվեն ու վեճերը լուծվեն՝ հավասարակշռելով միմյանց բախված իրավունքները. մի կողմից զրպարտություն ու վիրավորանք հրապարակած լրատվամիջոցը կամ անձը, մյուս կողմից այն մարդը, ում պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել է տվյալ հրապարակմամբ: Այս ամբողջը բացասական հռետորիկայից պաշտպանվելու միջոց եմ դիտում: Մեր քաղաքական վերնախավն իր քաղաքական խոսքում ու հրապարակային ելույթներում պետք է լինի զուսպ, սակայն մենք տեսնում ենք, որ հակառակն է լինում: Նրանք ավելի շատ սնուցում են այն բովանդակությունը, որը մենք արատավոր ենք համարում և որի դեմ մենք ուզում ենք պայքարել: Կարևոր է, որպեսզի ժողովրդի ընտրյալները լինեն հավասարակշռված իրենց խոսքում՝ օրինակ ծառայելով հասարակության մյուս անդամների համար:
- Ի՞նչ դատական պրակտիկա գոյություն ունի վերջին տարիների տվյալներով:
-Դատական դեպքերը բազմաթիվ են, մասնավորապես վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին աճ է գրանվել, երբ դատարան հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների ու կոնկրետ լրագրողների դեմ: Որոշ դեպքերում հայցվորները հենց պետության ներկայացուցիչներ են, պատգամավորներ, ովքեր նաև հանրային ռեսուրսներ են տնօրինում: Բնականաբար նրանք պետք է նաև հասկանան, որ պատասխանատու են, թե ինչքանով արդարացի են տնօրինում այդ ռեսուրսներն ու հանրային միջոցները: Պատգամավորները տվյալ ճանապարհով նաև փորձում են հաշվեհարդար տեսնել լրագրողների հետ: Շատ դեպքերում փոխհատուցման պահանջն է բավարարվում, իհարկե, որպես կանոն, ոչ այն չափերով, ինչպես պահանջում է հայցվորը: 2020-2021 թվականներին որոշակի կայունություն է նկատվում, ի տարբրություն 2018-2019 թթ, երբ սրընթաց աճ գրանցվեց հետհետափոխական ժամանակահատվածում: Այդ ընթացքում հարուստ ընկերություններ, պաշտոնյաներ կամ իշխանության ներկայացուցիչներ ուղղակի արշավ սկսեցին լրագրողների դեմ: Հիմա կայուն է վիճակը, դատական վճիռներն էլ ոչ միշտ են լրագրողների դեմ լինում: Կանխվեց նաև կառավարության կողմից ներկայացված վերջին օրենսդրական նախաձեռնությունը, որով փորձ էր արվում եռապատկել վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման չափերը: Հուսանք, որ որոշումը վերջնական է, և հետագայում նոր զարգացումներ չեն լինի: