Ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը ներառվել է Հոնկոնգում ճանաչված COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ցուցակում: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջում:
«Սպուտնիկ Վ»-ով լիարժեք պատվաստված հոնկոնգցիների համար (այսինքն՝ եթե երկրորդ դեղաչափի ներարկումից 14 օր է անցել) պարտադիր կարանտինը կրճատվելու է: Ռուսաստանի Դաշնությունից ժամանողները 21-ի փոխարեն 14 օր պետք է անցկացնեն կարանտինում, իսկ ինքնադիտարկման ժամանակահատվածը 7 օր է:
Նշվում է, որ Հոնկոնգում ինքնաթիռի վայրէջք կատարելու ժամանակ ուղևորները պետք է ունենան պատվաստման վկայագիր, բացասական արդյունք ունեցող թեստ, որը կատարվել է մեկնումից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, ինչպես նաև «կարանտինային» հյուրանոցներից որևէ մեկում երկու շաբաթով սենյակի ամրագրում: