ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով մեկ տարով երկարացնում է նախկինում Բելառուսի իշխանությունների դեմ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Համապատասխան փաստաթղթում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշակի ներկայացուցիչների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտակարգ և ծայրահեղ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»: Ամերիկացի առաջնորդի խոսքով, դրանք «խարխլում են Բելառուսի ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Բելառուսում կան «քաղաքական բռնաճնշումների հետ կապված մարդու իրավունքների խախտումներ, ներառյալ մարդկանց ձերբակալումը և անհետացումը, ինչպես նաև կոռուպցիան և պետական գույքի ու լիազորությունների չարաշահումը»: