Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը բարձրացրել է Մինսկում ձերբակալված ազգությամբ ռուս Սոֆիա Սապեգայի հարցը: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ աղջկա ճակատագրի նկատմամբ Մոսկվան անտարբեր չէ։
«Նախագահը հանձնարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը առավել ուշադիր կերպով հետևել Ռուսաստանի քաղաքացու գործի ընթացքին», - ընդգծել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ հաստատվել է նաև Բելառուսում աղջկա կացության թույլտվության մասին տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոֆիա Սապեգան Մինսկում բերման է ենթարկվել իր ընկերոջ՝ NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչի հետ: Ձերբակալությունից հետո Yellow Plums տելեգրամյան ալիքում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Սապեգան խոստովանել է, որ ղեկավարում է «Черная книга Беларуси» տելեգրամյան ալիքը, որտեղ հրապարակվում են անվտանգության ուժերի անձնական տվյալները: Նրա հարազատներն ու ծանոթները ենթադրում էին, որ աղջկա վրա հնարավոր է ճնշում գործադրեն:
Սապեգան Բելառուսում ձերբակալվել է երկու ամսով: