ՌԴ ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի երկարաժամկետ լուծման մասին
copy image url

ՌԴ ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի երկարաժամկետ լուծման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:00 18-05-2021

ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ:

Մեկնաբանության մեջ ասվում է.

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ կապը մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների գծով:

Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Ելնում ենք նրանից, որ նման միջադեպերը անհրաժեշտ է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: