Շիրակում կմեկնարկեն լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ
copy image url

Շիրակում կմեկնարկեն լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Ներքին 3 տարի առաջ - 11:07 13-05-2021

Շիրակի մարզում կապիտալ շինարարությանն ուղղված հատկացումներն ավելացել են: Այս մասին աշխատանքային 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներում արված աշխատանքներին, ծրագրերին ու նախաձեռնություններին։ Մինչ ոլորտային ձեռքբերումներն ու թերացումները ներկայացնելը, Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին անաչառ աշխատանքի համար։

Խոսելով քաղաքաշինական հիմնահարցերի մասին՝ մարզպետը կարևորեց, որ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել, իրականացվելու են մի շարք աշխատանքներ, որոնք դրական ազդեցություն կունենան մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: «Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում է լուրջ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։ Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ։

Հովհաննես Հարությունյանը վստահեցրեց, որ մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու աշխատաոճով: «Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդրում կարող է փոփոխություն բերել իր հետ, սա վերաբերում է բոլոր տեսակի ներդրումներին։ Մենք պետք է մեր ներուժը կարողանանք ներկայացնել և ճիշտ օգտագործել։ Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Այդ առումով ենք մենք աշխատանքներ տանում։ Մի շարք պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարաության բնագավառին»։

Թեև ձեռքբերումներ կան, սակայն թերացումներ ևս կան: Ըստ Հովհաննես Հարությունյանի՝ Շիրակի մարզը ավանդական գյուղատնտեսությունից առավել շահութաբեր ու նորարար գյուղատնտեսության անցնելու խնդիր ունի․ «Շիրակը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն գյուղատնտեսությունը շահութաբեր դարձնելուն։ Դրա համար պետք է զբաղվել քարտեզագրմամբ ու ամեն քայլն անել առանց հապաղման ու դանդաղելու»։

Շիրակի մարզպետի գնահատմամբ, մարզի մի շարք բուժհաստատություններ՝ պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, արդիականացման կարիք ունեն: Խնդիրը կփորձեն լուծել: «Այն, որ մեր մարզում կան առողջապահական հիմնարկներ, որոնք նորոգման ու թարմացման կարիք ունեն, գաղտնիք չէ, սակայն վստահեցնում եմ, այս խնդիրները պետական հոգածության ներքո են, աշխատանքներ են տարվում նաև բուժսարքավորումների թարմացման առումով»։

Կրթական հաստատությունների նորոգման մի շարք աշխատանքներ են մեկնարկում մարզում, կկառուցվեն նոր մոդուլային դպրոցներ, մանկապարտեզներ, սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն նորոգման բազմաթիվ ծրագրեր։

Վերջում մարզպետը նշեց՝ Շիրակի մարզը ղեկավարելը բարդ չէ, սակայն չափազանց պատասխանատու և պարտավորեցնող է. անցած 100 և ավելի օրերի ընթացքում ինքն աշխատել է որոշումներ կայացնել՝ առաջնորդվելով մարզի շահերով, շիրակցու մատից փուշ հանելու համար են եղել նախաձեռնություններն ու ծրագրերը․ «Անցած երեք ամիս ու մի փոքր ավելի ժամանակահատվածում աշխատել եմ ամեն ինչ անել խղճով և ցանկացած աշխատանքի մոտենալ պատասխանատվությամբ, մեր մարզի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման տեսլականն է եղել ինձ առաջնորդողը, ինձ համար կարևոր է խնդիրների համակարգային լուծման ուղիների որոնումը»: