Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:
Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին. ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: