Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական ֆանտաստիկ հայտարարությունն է արել ԱԺ ամբիոնից։ Նա նշել է, որ ջանքեր են գործադրել Սոֆիայում ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ:
«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք: Սա է եղել ԱԳՆ արձագանքը, և զարմանալիորեն ստացվեց ի՞նչ. սկսեցին ասել, որ մենք ենք հանել հարցը օրակարգից․․․ Եվ հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու համար, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք, և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության, հողեր ծախելու մեջ: Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը. հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձեռք ե՞ն առնում»,- նշել է Միրզոյանը:
Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցություններից խուսափելու, արցախցիներին կատարվածի մեջ մեղադրելու մասին ՔՊ-ի կողմից առաջին անգամ չէ, որ խոսվում է։ Այդ մասին նշել են բազմիցս, այդ թվում ՔՊ-ական պատգամավորները, օրինակ՝ Վահագն Ալեքսանյանը։
Իսկ ուղիղ հանդիպումներից խուսափելու պատճառաբանությունն էլ նշում են՝ իբր ռուսական ազդեցությունն է եղել։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ականների այս հայտարարություններից արցախցիները վրդովված են, որովհետև սա հերթական «մուտիտն» է, որն օգտագործում է ՔՊ-ն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, արցախցիները Սոֆիայում կայանալիք հանդիպման համար ոչ միայն բանակցողների կազմն են որոշած եղել, այլև Երևան-Սոֆիա թռիչքի տոմսերն են գնած եղել, բայց Ադրբեջանը չեղարկել է հանդիպումը ու առաջարկել հանդիպումը տեղափոխել Ադրբեջան։
Ակնհայտ է, որ Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցություններն իրականում ձախողել է Ադրբեջանը։ Սակայն ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե հերթական անգամ չօգտագործեր առիթը՝ սուտ խոսելու և իրադարձությունները հօգուտ իրեն ներկայացնելու համար։