Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարիներ առաջ կառուցված Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը հայտնվել է անմխիթար վիճակում։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ հուշարձանի քարերը ապամոնտաժվել են, որոշ մասեր՝ գողացվել, իսկ աստիճանները՝ ապօրինաբար հանվել և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Լուսանկարներում պարզ երևում է՝ հուշակոթողը գտնվում է կիսաքանդ վիճակում։ Քարե ծածկույթը բացակայում է, տարածքում նկատվում է շինաղբ, իսկ մուտքի հատվածի աստիճանները, որոնք ժամանակին տանում էին դեպի հուշարձան, այսօր չկան:
Հուշարձանը կառուցվել էր ի հիշատակ Սպիտակից Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատ մեկնած և զոհված մարտիկների՝ որպես հերոսության և հայրենասիրության խորհրդանիշ։ Սակայն ներկայումս այդ խորհրդանիշը վերածվել է մոռացության մատնված, անպաշտպան տարածքի։
Տեղացիները բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին՝ ակնկալելով, որ համայնքային կամ պետական մարմինները համապատասխան քայլեր կձեռնարկեն հուշարձանը վերականգնելու և պահպանելու ուղղությամբ, սակայն առայժմ արձագանք չկա։ Քաղաքացիներն արձանագրում են, որ գնալու տեղ չունեն, ամբողջն ավերված է, հուշակոթողներն էլ վանդալիզմի են ենթարկվում:
Խնդիրը ոչ միայն վերաբերում է պատմական հուշարձանի ոչնչացման վտանգին, այլև ողջ համայնքի պատմական հիշողության մոռացությանը։ Տեղացիները հորդորում են Սպիտակի համայնքապետարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ անհապաղ զբաղվել հուշարձանի վերականգնման աշխատանքներով և կանխել հետագա ավերումը։