Խաղերը չեն անցնում. եթե պաշտոնական այց է, ապա Ծիծեռնակաբերդը պարտադիր է
copy image url

Խաղերը չեն անցնում. եթե պաշտոնական այց է, ապա Ծիծեռնակաբերդը պարտադիր է

Ներքին 2 շաբաթ առաջ - 20:12 01-04-2025
Դիվանագիտական արարողակարգի և էթիկայի փորձագետ Նուբար Չալըմյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է որոշվում օտարերկրյա պաշտոնյաների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Երբ հյուր երկրի ղեկավարն այցելում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող համալիր, պետք է նախապես համաձայնեցվի՝ նա ծաղկեպսակ դնելու է, թե ոչ։ Դա կախված չէ տվյալ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Օրինակ՝ վերջերս Հայաստան էր այցելել Գերմանիայի նախագահը, ով ծաղկեպսակ բերեց հուշահամալիր»,- նշեց Չալըմյանը։

Ըստ նրա՝ գործում է փոխադարձության սկզբունքը․ եթե ապագայում, ենթադրենք, Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, և Թուրքիայի ղեկավարը պաշտոնական այց կատարի Հայաստան, սակայն չցանկանա ծաղկեպսակ դնել, ապա դա պաշտոնական արարողակարգից դուրս կմնա։

«Նույն տրամաբանությամբ, եթե Հայաստանի ղեկավարը այցելի Թուրքիա, նա չի դնելու ծաղկեպսակ Աթաթուրքի դամբարանին»,- ընդգծել է դիվանագիտության փորձագետը։

Չալըմյանը հիշեցրեց նաև իր փորձառությունը՝ որպես ԱԳՆ աշխատակից․ «Երբ մենք կազմակերպում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Եգիպտոս, ծրագրում ընդգրկել էինք, որ նա, ըստ եգիպտական արարողակարգի, պետք է ծաղկեպսակ դնի Գամալ Աբդել Նասերի և Մոհամմեդ Անվար Սադաթի գերեզմաններին»։

Չալըմյանի խոսքով, թեև Եգիպտոսի նախագահը դեռևս չի այցելել Հայաստան, սակայն, եթե երբևէ գա, ապա պետք է փոխադարձության սկզբունքի հիման վրա ծաղկեպսակ դնի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում։

Այսպիսով՝ պաշտոնական այցերի և ծաղկեպսակ դնելու արարողակարգը ոչ միայն քաղաքական ուղերձ է, այլև դիվանագիտական էթիկայի հարց, որը նախապես համաձայնեցվում է կողմերի միջև։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստանում փորձ է արվում նվազեցնել Ծիծեռնակաբերդ այցելությունների նշանակությունը։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղել են դեպքեր, երբ բարձր մակարդակի այցերի ծրագրերում Ծիծեռնակաբերդի այցը նախապես չէր ընդգրկվում կամ ներկայացվում էր որպես երկրորդական հարց։

Սակայն պետք է հասկանալ, որ կա հատուկ պաշտոանական արարողակարգի համար գործող փաստաթուղթ, որտեղ Ծիծեռնակաբերդը արարողակարգային մաս է ու պարտադիր պայման, իհարկե փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Ամենից շատ դիտված