Անխիղճ թալանված, անհիմն տուգանված, արդարության կարոտ սիրելի ժողովուրդ
copy image url

Անխիղճ թալանված, անհիմն տուգանված, արդարության կարոտ սիրելի ժողովուրդ

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 12:30 05-03-2025
Հայտնի է, որ տարատեսակ տուգանքների մի մասը անարդար է, անհիմն, ապօրինի։ Եվ քաղաքացիներ մի մասը դրանք վիճարկում է։ Այս գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ։ Տուգանքի ենթարկված քաղաքացին վիճարկում է տուգանքի օրինականությունը վերադասության կարգով հետո դատարանում, պահանջելով կիրառել հայցի ապահովման միջոց և հետաձգել տուգանք վճարելու պարտավորության ժամկետը, մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ու քանի որ տուգանքների մի մասն անարդար կամ անհիմն է, ապա քաղաքացին դատարանի վճռով երբեմն ազատվում է տուգանքից։ Այս իրավիճակը, հավանաբար, նյարդայնացնում է ժողովրդի դեմ գործող իշխանություններին, որոնք ձգտում են տարբեր ճանապարհներով մտնել քաղաքացու գրպանը, այդ թվում՝ ապօրինի, անհիմն տուգանելով։

Եվ ահա՝ ՔՊ-ական իշխանությունները դիմել են հակասահմանադրական քայլի, որ զրկեն քաղաքացուն օրենքով պաշտպանվելու և չտուգանվելու իրավունքից։ Արդարադատության նախարարության կողմից օրենքի նոր նախագծով դատարանին իրավունք է տրվում պարտադրել քաղաքացուն սկզբում վճարել տուգանքը, հետո նոր վիճարկել դրա օրինականությունը։ e-draft-ում քաղաքացիների 97 տոկոսը դեմ է քվեարկել այս նախագծին։ Իրավաբանների գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է։

Սահմանադրության ո՞ր հոդվածն է խախտվում այս նախագծով։ Եվ ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը հակասահմանադրական նախաձեռնությամբ հանդես եկել։

Սահմանադրության 1-ին հոդվածով՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Դասական ըմբռնմամբ՝ իրավական պետությունը 3 հիմնական տարր է ներառում։ Առաջինը՝ պետությունը պետք է ծառայի մարդկանց, ոչ թե կառավարչին։ Երկրորդը՝ պետությունը պետք է լինի սահմանափակված մարդու իրավունքներով և ազատություններով, իշխանությունը չպետք է ունենա ինքնակամության հնարավորություն։ Եվ երրորդը՝ պետության կառավարումը պետք է ընթանա բանական օրենքների հիման վրա։

Ակնհայտ է, որ այս նախագծով խախտվում է Սահմանադրության 1-ին հոդվածը։ Իրավաբանների կարծիքով՝ նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։ Այսպիսով, պետությունը փորձում է ուժով պարտադրել ապօրինի վճարումներ, ինչը ուղիղ ճանապարհ է դեպի իրավախախտումներ ու անարդարություն։ Նախագծի ընդունման դեպքում մարդիկ տուգանքի օրինականությունը վիճարկելու հայցերով դադարելու են դիմել վարչական դատարան կամ տարիներով մասնակցելու են դատավարությունների՝ իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու հույսով:

Նախկինների օրոք մի անեկդոտ կար։ «Ուրեմն՝ Սաշիկը գործարարներին հավաքում ու առաջարկում է աշխատել ոչ թե 50-50, այլ՝ 70-70 սկզբունքով։ Գործարարները զարմանում են՝ «Էդ ո՞նց»։ Իսկ Սաշիկը պատասխանում է՝ «Ձեր եկամտի 70 տոկոսը գլխանց տալիս եք ինձ, իսկ ձեր բաժին 70 տոկոսը ոնց ուզում՝ վիզ եք դնում»»։

ՔՊ-ական իշխանությունը նաև այս անեկդոտից այն կողմ է անցնում։ Քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու, ամեն անկյունում քաղաքացու գրպանը մտնելու գործում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս նախագծով անցնում է բանական սահմանները։ Նրանց, հավանաբար, չի մտահոգում, որ այս նախագծով ստեղծվում է ժողովրդավարության և իրավական պետության կործանման վտանգ։ Իսկ ընտրություններում, հավանաբար, ընտրողներին դիմելու են՝ «Սիրելի հպարտ, անհիմն տուգանված և օրենքով պաշտպանվելու իրավունքից զրկված, անխիղճ թալանված, արդարության կարոտ ժողովուրդ»։

Կարճ ասած՝ այս հակասահմանադրական, հակաժողովրդավարական նախագիծը պետք է հետ կանչվի, քանի որ պետությունը կանգուն է արժեքներով, օրենքներով։ Եթե արժեքը և օրենքը ոտնահարվում են, ապա պետությունը կործանվում է, անկախ այն բանից, թե այդ օրվա դրությամբ՝ ինչքան ապօրինի ու անհիմն տուգանքի գումար է մտել բյուջե։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված