Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին
copy image url

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին

Ներքին 1 ամիս առաջ - 17:32 28-02-2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը: Դաշինքի հիմնադիրներն են «Այբ» կրթական հիմնադրամը, «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը», «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (Թումո), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Հայ կրթական հիմնարկությունը» և Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):

«Կարևոր է, որ կրթության ոլորտում իրականացվող գործողություններն ու բարեփոխումների բազմաշերտ գործընթացներն ունենան հանրային պատշաճ վերահսկողություն, փորձագիտական հանրույթի կողմից ներկայացված գաղափարների ու առաջարկների ներկայացման և քննարկման գործուն մեխանիզմներ:

Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա: Հույս ունեմ, որ դաշինքի գործունեությունը օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային և հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում: Մեր նպատակն է՝ ցանկացած բարեփոխման մասին ունենալ բովանդակային, փաստարկված և հիմնավորված մասնագիտական կարծիք, որպեսզի հնչեն տարբեր դիտարկումներ, որոնք, անկասկած, անհրաժեշտ և օգտակար են բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ դաշինքը կարող է դառնալ փորձագիտական կարծիքի համախմբման միջավայր:

Ամենից շատ դիտված