«Տղե՛րք, մի՛ քշեք»-ով հարց չի լուծվի. ելքը վերադարձն է 100 դրամին 
copy image url

«Տղե՛րք, մի՛ քշեք»-ով հարց չի լուծվի. ելքը վերադարձն է 100 դրամին 

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 27-02-2025
Փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը տարերայնորեն շարունակվում է։ Քաղաքացիների մի մասը անհամաձայնություն է հայտնում քաղաքապետարանի որոշմանն ու հրաժարվում է վճարել թանկացված ուղեվարձը։ Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը, որ ուղևորները վճարեն ու դադարեցնեն բոյկոտը։

Համացանցում սկանդալային ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած խոսակցություններից։ Դրանցից մեկում ասվում է՝ «Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում։ Ոչ մեկը ձրի չնստի, բոլորին փոխանցեք, տղե՛րք»։

Վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարների խոսակցությունների ձայնագրությունների հրապարակումները հիմք են տալիս ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանը խուճապի մեջ է, որի ենթադրյալ պատճառն այն է, որ տարերային բոյկոտի հետևանքով ներկայումս ավելի քիչ գումար է հավաքվում, քան 100 դրամի ժամանակ։ Ենթադրելի է նաև, որ քաղաքապետարանն է պահանջել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարներից, որ վերջիններս ստիպեն վարորդներին պայքարել բոյկոտի դեմ։ Ի՞նչ արդյունք կտա սա։

Չնայած՝ թանկացման պատասխանատուն ՔՊ-ական իշխանություններն են ի դեմս Երևանի քաղաքապետարանի, սական թանկացման շղթայի ամենաթույլ օղակը ավտոբուսի վարորդներն են։ Եվ նրանց էլ ուզում են հանել բոյկոտի դեմ պայքարի առաջին գիծ, հետո նրանց մեղադրել թանկացումների տապալման մեջ։

Հիշեցնենք, որ անկանխիկ վճարումների համակարգին անցնելուց առաջ ուղևորն ուղեվարձն ուղղակի վճարում էր վարորդին։ Այսինքն՝ վարորդն ուղղակի պատասխանատու էր ուղեվարձի հավաքման համար։ Դրա համար վարորդն ուղևորից պահանջում էր վճարել։ Քաղաքապետարանի նախաձեռնած տրանսպորտային բարեփոխումների կարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ վարորդները միայն վարեն տրանսպորտային միջոցը, չընկնեն ուղևորի հետևից, չպահանջեն գումար։ Ներկայում վարորդը վճարումների հետ չի առնչվում։ Ողևորները վճարում են քարտերով, QR կոդով թղթերով։ Հետևաբար՝ վարորդից նման բան պահանջելն արդար չէ։

Հիշեցնենք նաև, որ մինչև անկանխիկի անցումը վարորդին կասկածում էին ժողովրդի փողերը գրպանելու մեջ։ Նաև այդ պատճառով վարորդին ազատեցին ուղեվարձ գանձելու պարտականությունից, որ հավաքված փողերը չգրպանի։ Իսկ հիմա նրան ստիպում են պայքարել բոյկոտող ուղևորների դեմ։ Պարզապես՝ անհիմն դրդում են վարորդներին բախումների, որոնց արդյունքում բոյկոտողների թիվը, ենթադրաբար, ոչ միայն չի պակասի, այլև կավելանա։ Մարդիկ ավելի կվրդովվեն և ավելի հաստատակամ կբոյկոտեն։ Մեջտեղում վատամարդ կմնան վարորդները, որոնք բախումների հետևանքով հնարավոր է վնասվածքներ ստանան ու վտանգեն իրենց և ուղևորի առողջությունը։ Դա ձեռնտու չէ նաև «Երևանի ավտոբուս» ընկերության ղեկավարությանը։ Նրանք պատասխանատու են երթուղերի կանոնավոր սպասարկման, վարորդների ժամանակին և որակյալ աշխատանքի համար, բայց փետրվարի 1-ից նրանք են ուղեվարձի գանձման հետ գործ չունեն։

Այսպիսով՝ հիմնավորապես ենթադրելի է, որ ո՛չ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարները, ո՛չ էլ վարորդները չեն կատարելու քաղաքապետարանի հրահանգը, բոյկոտողներից չեն պահանջելու վճարել, բախումների չեն գնալու ուղևորների հետ։ Հակառակ պարագայում՝ նրանց խոսակցությունների ձայնագրությունները չէին հրապարակվի ու չէին խորացնի թանկացման տապալման հետ կապված քաղաքապետարանում տիրող խուճապը։

Ստեղծված իրավիճակից կա տեսական 2 ելք։

Առաջինը՝ իշխանությունները կարող են մեծ ծախսեր անել, ստեղծելով բարձր աշխատավարձ ստացող հսկիչների բանակ, նրանց օժտելով բոյկոտող քաղաքացիներին տուգանելու լիազորությամբ։ Սակայն բոյկոտողների մեծ մասը իրավագիտակից են և կարող են ինքնուրույն կամ փաստաբանի օգնությամբ պաշտպանվել դատարաններում և շահել, չվճարելով ո՛չ տուգանքը, ո՛չ էլ ուղեվարձը։ Դրանից զատ այսպիսի բռնաճնշումները ռիսկային են, քանի որ արդյունքում ՔՊ-ի վարկանիշն ավելի կընկնի և կվտանգվի նրա վերընտրությունը 2026-ին։

Երկրորդ ելքը վերադարձն է 100 դրամին։ Բոյկոտը կանգնեցնելու համար քաղաքապետարանը կարող է բավարարել բոյկոտողների պահանջն ու 1 ուղեվարձի համար սահմանել 100 դրամ սակագին։ Դրանից հետո բոյկոտողները, ենթադրաբար, կվճարեն 100 դրամ ուղեվարձը։ Սա ողջամիտ որոշում կլինի քաղաքապետարանի կողմից, քանի որ ավելի լավ է 100 դրամ ստանան ուղևորից, քան օղաբլիթի անցք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված