Երևանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի ֆոնին վերջին օրերին աղմկոտ ձերբակալություններ տեղի ունեցան քաղաքապետարանում։ Ձերբակալվել էին ներկա ու նախկին 7 պաշտոնյաներ, որոնցից չորսն ավելի ուշ կալանավորվել են․ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա նախկին տեղեկալ Արամ Այվազյանը։ Ձերբակալված պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Ուշագրավ է, որ կալավանավորված ներկա ու նախկին պաշտոնյաները պաշտոնավարել են նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարման տարիներին։ Քաղաքական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս այս անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանցից Հայկ Մարությանի դեմ ցուցմունքներ կորզեն, իսկ հետագայում դրանք օգտգործվեն ըստ քաղաքական նպատակահարմարության։
Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայկ Մարությանի օրոք տրամադրված անթիվ-անհամար շինթույլտվություններին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ներկայումս քրեական հետապնդման ենթարկվող ներկա ու նախկին պաշտոնյաներին զանազան ճնշումների միջոցով պարտադրում են, որ նրանք իրենց ցուցմունքներում արձանագրեն, որ ապօրինի շինթույլտվություններ են տվել հենց Հայկ Մարությանի պահանջով և վերջինս դրանցում անձնական շահագրգռվածություն է ունեցել։ Ընթերցողին հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին կայացած բանավեճի ժամանակ Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Մարությանի օրոք տարեկան 3000 շինթույլտվություն է տրամադրվել՝ ակնարկելով, որ դրանց առնվազն մի մասը եղել է ապօրինի։
Ամենևին չի բացառվում, որ առաջիկայում Հայկ Մարությանը ևս քրեական հետապնդման կենթարկվի, անգամ որոշ ժամանակով կկալանավորվի։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե Մարությանի կալանավորումը ինչ կարող է տալ իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, երբ նախկին քաղաքապետի պայքարը բացառապես Տիգրան Ավինյանի դեմ է, նա գրեթե խուսափում է կառավարության ղեկավարին թիրախավորելուց՝ տպավորություն ստեղծելով, որ նույն տրանսպորտի թանկացումը Ավինյանի անձնական նախաձեռնությունն է, իսկ Փաշինյանն առհասարակ տեղյակ չի եղել դրանից։
Կարծում ենք՝ իշխանության հաշվարկն առավել քան ակնհայտ է․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է վերընտրվել բացառապես այն դեպքում, երբ ընդդիմությունը պարալիզացվի և իր դեմ միասնաբար հանդես չգա։ Գաղտնիք չէ՝ Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 2026-ի համապետական ընտրություններին, և եթե վերջինս նախքան դա որոշ ժամանակով կալանավորվի ու քաղաքական հալածյալի իմիջ ձեռք բերի, ապա դա նրան ընդդիմադիր ընտրազանգվածից լրացուցիչ քվեներ կապահովի և կթուլացնի ընդդիմությանը։
Իշխանության հաշվարկով եթե համապետական ընտրությունների արդյունքներով այնպիսի իրավիճակ ստեղծվի, որն ընդդիմադիր ուժերին կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորություն կըձեռնի, Հայկ Մարությանը կարող է անիրատեսական պահանջներ առաջ քաշել և վիժեցնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բացառիկ հնարավորությունը, ինչպես դա տեղի ունեցավ 2023 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ։ Ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր ուժերը կոալիցիա ձևավորելու և ՔՊ-ին իշխանազրկելու բացառիկ շանս ունեին, Մարությանը հանդես եկավ ուղերձով՝ ընդդիմադիր մյուս խմբակցություններին առաջարկելով իրեն քաղաքապետ ընտրել, սակայն գործել որպես ընդդիմություն։ Այս առաջարկը քաղաքագիտական նոնսենս էր, որից օգտվեց բառապես իշխանությունը՝ սեփական՝ հանրության 9%-ի վստահության քվեին արժանացած թեկնածուին կարգելով որպես Երևանի քաղաքապետ։ Համապետական ընտրությունների դեպքում նույն սցենարի կրկնությունը չի բացառվում, որն այս անգամ կնպաստի արդեն Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։
Կարճ ասած՝ Հայկ Մարությանի և նրա քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի ընդդիմությունն է, որը կարող է ընդդիմության ձայները փոշիացնել և նպաստել գործող իշխանության վերարտադրությանը։ Հենց այս նպատակով առաջիկայում հավանաբար փորձ կկատարվի Մարությանից քաղհալածյալի կերպար կերտել, ուստի ողջամիտ կասկած է առաջանում, որ աղմկոտ ձերբակալությունները հենց այս նպատակով են իրականացվել։
Իշխանության գործողությունները ևս վկայում են այն մասին, որ Հայկ Մարությանն իրենց սրտի ընդդիմադիրն է։ Ասվածը փաստում է այն իրողությունը, որ Տիգրան Ավինյանը տրանսպորտի թանկացման հարցով նախընտրեց միայն Հայկ Մարությանի հետ բանավիճել, մինչդեռ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Անդրանիկ Թևանյանը, ով ընտրություններում Մարությանից ընդամենը 3%-ով էր պակաս ձայներ ստացել, բանավիճելու պատրաստակամություն էր հայտնել, սակայն գործող քաղաքապետը մերժեց էր այս առաջարկը։ Բացի այդ, այս օրերին մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ գործողություններում ամենակտիվը «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն են, սակայն, զարմանալիորեն իշխանությունների թիրախում հիմնականում Հայկ Մարությանն է, ով ընդամենը օրվա տաք ժամերին է որոշակի գործողություններ իրականացնում, իսկ նրա խմբակցության անդամների մեծ մասին մենք առհասարակ չենք նկատում հարթակում։
Դավիթ Գույումջյան