Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին ծնելիության մակարդակը կտրուկ անկում է ապրում, ինչն այս երկրի իշխանություններին ստիպում է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար։ Եթե 10 տարի առաջ Ռուսաստանում տարեկան մոտ երկու միլիոն երեխա էր ծնվում, ապա 2023 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, նորածինների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ՝ հասնելով 1 միլիոն 200 հազարի։ Սա 1991 թվականից ի վեր՝ Խորհրդային միության փլուզումից ի վեր, արձանագրված ամենացածր ցուցանիշն է։
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ այժմ երկրում ծնելիության ընդհանուր գործակիցը 1․42 է, մինչդեռ դաշնային պետական վիճակագրության ծառայության՝ «Ռոսստատ»-ի տվյալներով՝ այն պետք է լիներ ավելի բարձր 2․15։ Այս թվերը վկայում են բազմաթիվ ռուսաստանցիների մոտ առկա մտահոգության մասին՝ ինչպե՞ս ընտանիք կազմել, իսկ դրա պատճառները, սոցիոլոգների դիտարկմամբ, մի քանիսն են․ ապագայի նկատմամբ ռուսաստանցիների մոտ առկա հոռետեսությանը գումարվել է ուկրաինական պատերազմի հետ կապված մտահոգությունները։ Օրինակ՝ դեղագործական շուկայի դիտորդների խոսքով, 2022 թվականից՝ լայնածավալ պատերազմի բռնկումից ի վեր, Ռուսաստանում աբորտի հաբերի պահանջարկն աճել է 60%-ով։
Այս իրողությունների ֆոնին ՌԴ իշխանությունները խուսափում են հրապարակավ անդրադառնալ Ռուսաստանի ժողովրդագրական ճգնաժամի հետ կապված հարցերին։ Ծնելիության անկումը ստիպել է իշխանություններին ընտանիքներին աջակցող ծրագրեր մշակել․ Ռուսաստանի մի քանի նահագներում արգելվել է աբորտների իրականցումը մասնավոր կլինիկաներում։ Սակայն դիտորդները նշում են, որ նման քայլերը քիչ բան են փոխում ծնելիության հարցում, և իրավիճակը դժվար թե արմատապես փոխվի, քանի դեռ Ռուսաստանը պատերազմի մեջ է:
Դաշնությունում ծնելիության մակարդակի անկումը մտահոգել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինին, ով պարբերաբար ընդգծում է, որ երիտասարդները, տարբեր պատճառներից ելնելով, հետաձգում են երեխաների ծնունդը։ «Երիտասարդները կարիերա են կառուցում, կարգավորում են իրենց կենցաղը, իսկ երեխաների ծնունդը հետաձգում են»,- նախորդ տարի ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձում նշել էր Պուտինը՝ ուշադրություն հրավիրելով երկրում ստեղծված մտահոգիչ իրավիճակի վրա։
Ուշագրավ է, որ ՌԴ-ում ծնելիությունը խթանելու նպատակով իշխանությունները մի շարք գաղափարներ են առաջարկել։ Այդ գաղափարների թվում են կամավոր անզավակության՝ չայլդֆրիի քարոզչության արգելումը, ինչպես նաև երիտասարդ մայրիկներին մի շարք արտոնությունների տրամադրումը.
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով նախաձեռնության հեղինակներից մեկն է, հայտարարել է, որ չայլդֆրի շարժման քարոզչության համար տուգանքները ֆիզիկական անձանց համար կկազմեն մինչև 400 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 5 միլիոն ռուբլի:
Ծնելիությունը խրախուսելու նպատակով առաջարկվում է հղի կանանց պետական քննությունների ժամանակ լրացուցիչ միավորներ հատկացնել ու նրանց արտոնյալ պայմաններով ընդունել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ երեխաների առկայությունը համարելով անհատական նվաճում։ Առաջարկվում է նաև քննարկել բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու առաջարկն այն կանանց, ովքեր ծննդաբերել են երեխա մեկ տարվա ընթացքում՝ նախքան փաստաթղթերն ուսումնական հաստատություն ներկայացնելը։ Նպատակն է մեծացնել մինչև 25 տարեկանը ծննդաբերելու նկատմամբ հետաքրքրությունը։ Քննարկվում է նաև հղիների համար հեռավար աշխատանքի իրավունքի ընդլայնման հնարավորությունը։
Պատգամավորները նաև առաջարկում են «երեխա պլանավորել ընդմիջումներին»։ Լրագրողների հարցին, թե «մարդիկ երբ պետք է երեխա ունենան, եթե աշխատում են 12-16 ժամ», պատգամավորները պատասխանում են՝ «ընդմիջումներին»։ Նրանց խոսքով՝ աշխատավայրում խիստ զբաղվածությունն արդարացում չէ երեխա չծրագրելու համար։
Այսպիսով՝ չնայած Ռուսաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ կանխել ծնելիության անկումը և երկրին սպառնացող ժողովրդագրական աղետը, այնուամենայնիվ ներկայացված առաջարկները չափազանց խնդրահարույց են և առաջացրել են մի շարք իրավապաշտպանների խիստ քննադատությանը։ Մասնավորապես լուրջ դժգոհության տեղիք է տվել հղի կանանց միասնական քննությունների ժամանակ լրացուցիչ միավորներ տրամադրելու և արտոնյալ պայմաններով բուհեր ընդունելու առաջարկը, քանի որ միասնական քննություններ հիմնականում հանձնում են դպրոցը նոր ավարտած դեռահասները, որոնց 18 տարին դեռ չի լրացել, իսկ եթե նման օրենսդրական կարգավորումներ ընդունվեն, ապա ստացվում է, որ ՌԴ իշխանություններն անուղղակիորեն խրախուսում են անչափահասների միջև սեռական հարաբերությունները։
Ռուսաստանում առանց այդ էլ սեռական կյանքով ապրող անչափահասների թիվը բավականին մեծ է, իսկ նման կարգավորումների ընդունումից հետո այդ թիվն անգամներով կմեծանա։ Անչափահասների միջև սեռական հարաբերությունները խրախուսելու փոխարեն իրավապաշտպանները ՌԴ կենտրոնական իշխանություններին առաջարկում են մեծացնել երիտասարդ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, երեխաների ծնունդի համար հատկացվող գումարը և այլն, սակայն ներկայիս փուլում քիչ հավանական է, որ այս առաջարկները կընդունվեն, քանի որ ուկրաինական պատերազմի ու արևմտյան աննախադեպ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը ֆինանսական լուրջ խնդիրների է բախվել ու դժվար թե կարողանա ծնելիությունը խրախուսելու նպատակով նման խոշոր միջոցներ հատկացնել։
Դավիթ Գույումջյան
Քրիստինե Պողոսյան