Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից հրաժարումը մշտապես եղել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացրած գլխավոր նախապայմաններից մեկը։ Թեպետ ՀՀ նախկին բոլոր իշխանություններն էլ փորձել են հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն, ի պատիվ իրենց, մեր երկրի համար սկզբունքային նշանակություն ունեցող այս հարցում հետքայլ չեն կատարել։
Իր կառավարման սկզբնական շրջանում՝ նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանը ևս այս հարցում Հայաստանի կարմիր գծերից չէր հրաժարվում։ Օրինակ՝ 2019-ի ապրիլի 24-ի իր ուղերձում նա շեշտում էր, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից, ուստի ՀՀ-ն հետևողական է լինելու ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, իսկ մեկ տարի անց՝ 2020-ի նույն օրը, խոսեց ոչ միայն Օսմանյան Թուրքիայի հայատյացության, այլև այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ հայտարարելով՝ հիշում և պահանջում է։
Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը թեև շարունակում էր դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն վերջինիս շեշտադրումները տարեցտարի ավելի էին մեղանում: Արդեն նախորդ տարի՝ 2024-ի ապրիլի 24-ի ուղերձում նա չխոսեց Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պանթուրքիստական գաղափախոսության ու դրա վերածննդի և ոչ էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։ Դրանից օրեր առաջ էլ ցեղասպանության 1.5 մլն զոհերին անուն-ազգանուններով և հասցեներով նույնականացնելու անհրաժեշտության մասին խոսել էր ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ինչից մասնագետները եզրակացնում էին, որ ՀՀ-ն բավարարել է նաև թուրքական կողմի այս նախապայմանը։
Օրերս Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Հանդիպմանը, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, նա կարևորեց նաև մեկ այլ հարցադրում, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- հայտարարել է նա։
Փաշինյանի այս հայտարարությունը Հայաստանում լուրջ դժգոհություններ առաջացրեց, փորձագիտական ու քաղաքական շրջանակները խստորեն քննադատեցին այն՝ կառավարության ղեկավարին հորդորելով մի փոքր կարդալ, իսկ Թուրքիայում անգամ զարմացել են դրանից։ Թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածել են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ ուշադրություն հրավիրելով այն իրողությանը, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթացում հերթական հետքայլն է անում, որով փորձում է հաճոյանալ Թուրքիային։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ թուրքական մամուլում տեղ գտած առանցքային գրառումները և դրանց շեշտադրումները ներկայացնում է ստորև.
Մասնավորապես իշխանամետ «Haberler.com» լրատվականը «1915 թվականի դեպքերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հակասություններ են առաջացրել» վերտառությամբ հոդվածում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները մեծ հակասություններ են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես կոչ է արել վերանայել պատմական իրադարձությունները և կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը, ինչը հանգեցրել է բազմաթիվ ազգային և կրոնական կառույցների, քաղաքական խմբերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոշտ քննադատություններին և արձագանքներին։ «Փաշինյանի մեկնաբանությունները Հայաստանում մեկնաբանվում են որպես փորձ՝ երկիրը հեռու պահելու այն պատմությունից, որը երկար ժամանակ եղել է նրա ինքնության և արտաքին քաղաքականության հիմնաքարը»,- ասվում է հրապարակման մեջ։
Թուրքական «Nefes» պարբերականն էլ «Փաշինյանը 1915 թվականի իրադարձությունները կասկածի տակ է դնում, հայերը արձագանքում են» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Փաշինյանի հայտարարություններն արժանացել են Հայաստանի և հայկական սփյուռքի բազմաթիվ ազգային ու կրոնական կառույցների, քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոշտ քննադատություններին ու արձագանքներին։ Լրատվամիջոցը այս կապակցությամբ հիշեցրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան վերջին ուղերձը, որում նա հերթական անգամ խուսափել էր կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։ «Կարևոր է, որ մենք պատմական իրադարձություններին անդրադառնանք բանականության, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ թույլ չտալով արմատական դիսկուրսներ, օտարացում և ատելության խոսք»,- նշել էր Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է լրատվամիջոցը։
BBC-ի թուրքական ծառայությունը ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ շեշտելով, որ «Հայաստանի վարչապետի՝ Ցեղասպանությունը կասկածի տակ առնող հայտարարությունները քննարկման առարկա են դարձել»։ Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ հայերի հետ մեկտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ Թուրքիան ընդունում է, որ հայերը այդ ժամանակ մեծ տառապանք են ապրել, սակայն միառժամանակ հերքում, որ դա ցեղապանություն է եղել։ «Թուրքիան ասում է, որ նույն ժամանակահատվածում մահացել են նաև մուսուլման օսմանցիներ, և շեշտում, որ 1915 թվականին «ցեղասպանություն» հասկացությունը դեռևս գոյություն չուներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Բացի դրանից՝ BBC-ի թուրքական ծառայությունը «Համաձայնվում է թուրքական նախապայմաններին» ենթագրի ներքո հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը քննադատած գործիչների ու քաղաքական ուժերի, այդ թվում՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հայտարարությունները։
Դավիթ Գույումջյան