Մենք ասում ենք, որ օրինակ, գլխավոր գիտաշխատողը պետք է ունենա այս, այս արդյունքը, ինքը մի հնգամյակում ունեցել է այդ արդյունքը, հաջորդում չունի այդ արդյունքը. բա մենք ի՞նչ անենք, որ չունի. Մե՞նք ենք մեղավոր, որ չունի: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտաշխատողների տարակարգի եւ ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձերի բարձրացման հարցին:
«Մեկ ուրիշը, որ գլխավոր գիտաշխատող չի, նախորդող շրջանում աշխատել է, ջանք է գործադրել, եկել է, ասում է՝ ես ուզում եմ հավակնեմ այդ տարակարգին: Եթե գիտնականի արդյունքը չգնահատենք, մյուսի արդյունքն էլ պետք է չգնահատենք։ Այսինքն, ասենք՝ ով որտեղ կա, թող այն տեղ էլ մնա։ Դրանով այդ բարեփոխման նպատակին կհակադրվենք»,- ասաց նա:
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը սխալ համարեց, որ մեծ նվաճումների հասած, ասենք, Նյուտոնի անվան մրցանակ ստացած գիտնականի տարակարգը իջեցնելը, եթե նա վերջին 5 տարում բավարար արդյունք չի ցուցաբերել:
Փաշինյանն ասաց. «Նյուտոնի անվան մրցանակը, որ ուզենան էլ, իր ձեռքից չեն կարող առնել: Բայց քանի՞ հատ հոդված է տպել: Մենք չենք ասում՝ ինքը լավ գիտնական է թե վատ, մենք ասում ենք՝ ինքը գիտական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե չի զբաղվում: Բայց մյուսն էլ է ուզում Նյուտոնի մրցանակ ստանա, ինչի՞ ասենք՝ չէ, Նյուտոնի մրցանակները պրծել են, ով որտեղ ինչ կար դա է:
Ոչ մի բան քարին գրված չէ, ես չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան վրիպել է, ոչ մի խնդիր չկա, մենք վերադառնանք:
Այսօր կարող է պարզվել, որ 5 տարի առաջվա գիտական արդյունքը այլևս արդիական չի։ Մեր ռազմավարության հիմնական նպատակը հետևյալն է՝ ապահովել ներհոսքը դեպի գիտական կյանք։ Եթե մարդը տեսնում է, որ տեղերը բոլոր զբաղված են, ինքը մոտիվացիայից զրկվում է: Բայց դա չի նշանակում, որ տեղերը մենք արհեստական պետք է ազատենք, որ ուրիշները գան։ Դրա համար է այս չափանիշը գրվում»,-ասաց վարչապետը: