Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի շեշտակի թանկացման դեմ հանրային դժգոհության և բոյկոտի մթնոլորտը քաղաքային իշխանություններին պարտադրեց հերթական հետքայլը կատարել։ Տիգրան Ավինյանը երեկ տեղեկացրեց, որ 2025-ին մայրաքաղաքում 1 ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ, իսկ հետագայում այն կարող է թանկանալ տարեկան առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեփոխումների պայմաններում:
Ընթերցողին հիշեցնենք, որ ընդամենը 1 օր առաջ՝ ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ, Տիգրան Ավինյանը բացառում էր, որ քաղաքային իշխանությունները հետքայլ կկատարեն՝ պնդելով, որ թանկացմանն ընդդիմացողները «զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ»։ Ավելին՝ նա անգամ վստահեցնում էր, որ «հետադիմություն չի հանդուրժելու», և իրենց ավելի հեշտ կլիներ, եթե ուղեվարձը սահմանեին 150 դրամ՝ առանց արտոնությունների։
Ուշագրավ է, որ հանրությանը որպես բարի կամքի դրսևորում մատուցվող այս որոշումը փաստացի կայացվել է հանրային ճնշման արդյունքում։ Երևանցիների ընդամենը 9%-ի վստահության քվեն ստացած քաղաքային իշխանությունները դժվարությամբ, բայց ի վերջո սկսեցին գիտակցել, որ մանիպուլյացիաներն այլևս չեն աշխատում, և կամավոր-պարտադիր սկզբունքով իրականացվող այս բարեփոխումները դատպարտված են ձախողման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Քաղաքային իշխանությունների «նահանջը» նախևառաջ ընդդիմության առաջին շոշափելի հաղթանակն էր։ Այս իրողությունը հերթական անգամ փաստում է, որ երբ ընդդիմությունը մի կողմ է դնում իր ներքին բոլոր տարաձայնությունները և գրագետ պայքար է մղում, ապա անկասկած հաջողության է հասնում և հանրության վստահությունը չվայելող իշխանությանը սեփական օրակարգը պարտադրում։ Փաստացի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցություններին՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հաջողվեց դա անել, ինչպես նաև երևանցիներին համոզել տրանսպորտի համար եռակի թանկ չվճարել։
Ընդդիմադիր 2 թևերից հնչող հայտարարությունները թույլ են տալիս եզրակացնել, որ վերջիններս չեն ոգևորվել այս հաղթանակից ու վճռական են տրամադրված պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում, ինչը, բնականաբար, ողջունելի է։ Առաջիկա օրերին գրագետ պայքարն անհրաժեշտ է շարունակել և իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումը մեծացնել։ Այս առումով գնդակն առավելապես քաղաքացիների դաշտում է. եթե փետրվարի 1-ից սկսած հանրությունը չվճարի 150 դրամ և չօգտվի առաջարկվող փաթեթներից, ապա քաղաքային իշխանություններին այլ ելք չի մնա, քան գործող ուղեվարձի պահպանումը։
Այսպիսով՝ փաստենք, որ քաղաքային իշխանությունների տրանսպորտային «բարեփոխումները» տապալված են, ու շարքային երևանցին փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու համար առնվազն կիսով չափ ավելի պակաս կվճարի։ Առաջիկայում գրագետ պայքարը շարունակելու և ընդամենը մի քանի օր 150 դրամ չվճարելու դեպքում տրանսպորտի թանկացման այս չարաբաստիկ որոշումը կչեղարկվի, և երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը տրանսպորտի համար կշարունակեն 100 դրամ վճարել։
Բացի դրանից՝ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու հարցում ընդունված այս հապճեպ որոշումները փաստում են այն պնդումների ճշմարտացիությունը, որ դրանց հիմքում որևէ հաշվարկ չկար, իսկ թանկացումների նպատակը բացառապես գերշահույթ ստանալն էր ու ինչ-որ մարդկանց հարստացնելը։ Մյուս կողմից՝ եթե հնարավոր է մեկ օրում ուղեվարձը 300 դրամից դարձնել 150 դրամ, ապա գործող 100 դրամ ուղեվարձի պահպանումը ևս չափազանց իրատեսական է։
Կարծում ենք՝ երևանցիները պատրաստ կլինեն տրանսպորտի համար 100 դրամից ավելի շատ վճարել այն ժամանակ, երբ արժանավայել կերպով կերթևեկեն, կանգառներում ժամերով ավտոբուսի չեն սպասի, այդ պատճառով աշխատանքից չեն ուշանա և այլն։ Ներկայիս պայմաններում տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման կապակցությամբ Երևանի քաղաքապետին բարեկամաբար հորդորում ենք. «Տիգրա՛ն ջան, սիրուն չի, լավ կլինի՝՝ չեղարկես» ....
Դավիթ Գույումջյան