Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը՝ նշելով․ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»,- ասել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երբևէ կպատկերացնեի՞ք, որ Հայաստանի ղեկավարը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանությունը»։
Հարցվածների մի մասը նշեց, որ դա սխալ քայլ է և երբեք չէին մտածի, որ նման բան տեղի կունենա։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չի դրել Ցեղասպանությունը։
«Փաստացի էդպիսի ղեկավար ունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չի դրել Ցեղասպանությունը։ «Չկա տենց բան»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ հիմա ամեն ինչն է կասկածի տակ դրված։ «Չէի կասկածի, բայց հիմա համոզված եմ, որ ամեն ինչն ա կասկածի տակ դրած արդեն»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ երբևէ չէր պատկերացնի, որ մի օր Արցախը կկորցնենք, բայց հիմա կորցրել ենք։ «Արցախը կորցնելուց հետո ամեն ինչ պատկերացնում եմ։ Ով կմտածեր, որ մի օր Հայոց աշխարհը կկորցնի Արցախը»,- ասաց քաղաքացին։
«Ոչ, չէի պատկերացնի, որ անգամ Հայաստանի իշխանությունը, ղեկավարը նման բան կաներ։ Նշանակում է՝ հայ ազգը պիտի բոյկոտեր։ Ոնց կարելի ա ամբողջ աշխարհը, միջազգային կառույցներն ընդունեն, իսկ Հայաստանի ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը»,-պատասխանեց անցորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։