Սրանք ուզում են երկիրը ծախել, բա պիտի ասեն՝ հարձակման վտանգ չկա. հարցում՝ ԱՀԾ զեկույցի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 24-01-2025
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս մասին ասված է ծառայության «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում: Այս կանխատեսումը, ինչպես նշված է զեկույցի նախաբանում, հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ գնահատականի վրա։

«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում», - նշում է կառույցը։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանի հետախուզությունն ասել է, որ Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման վտանգ չկա։ Դուք վստահո՞ւմ եք այդ զեկույցին»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի վստահում այդ զեկույցին և կարծում է, որ լայնամասշտաբ հարձակման վտանգ կա։

«Ոչ, չեմ վստահում այս պետությանը, որովհետև ամեն ինչ ստի վրա է հիմնված»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ նշեց, որ Ալիևի չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։

«Ալիևը չի համարձակվի, որովհետև ճնշում կա միջազգային կառույցների կողմից»,- ասաց նա։

«Մեզ վրա հարձակվելու են թուրքերը, ադրբեջանցիները ու ռուսներն են կազմակերպելու դա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում։ «Ամեն ձևով մերոնց վստահում եմ»,- նշեց նա։

«Հիմա ոչ մի բանի չեմ հավատում ու չեմ վստահում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված