Oragir.News-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՊՆ ղեկավար կազմի որոշմամբ չեն գործում ՊՆ ավտոբուսները, որոնք ապահովում էին նախարարության աշխատակիցների անվճար տեղափոխումը ՀՀ կոնկրետ տարածքներից դեպի նախարարություն։ Եվ այս կրճատման հետևանքով ՊՆ վարչական համալիրի աշխատակիցները իրենց բնակության վայրերից դժվարությամբ են հասնում աշխատանքի։
Այս հարցում պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՊՆ, խնդրելով պատասխանել, թե ինչո՞ւ է այսպիսի փոփոխություն իրականացվել, և այս կրճատումը կարո՞ղ է անախորժություններ առաջացնել նախարարության աշխատակիցների համար։
«Ի պատասխան Ձեր 14․01․2025թ․ հարցման, տեղեկացնում ենք, որ ծառայողական գործառույթներ իրականացնող տրանսպորտային միջոցների կրճատման շրջանակում ս․թ․ հունվարի 8-ից դադարեցվել է ՊՆ վարչական համալիրում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմին տեղափոխող ավտոբուսների շահագործումը։
Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում ՊՆ վարչական համալիրի մերձակայքում հանրային տրանսպորտի լրացուցիչ կանգառների կահավորման, ինչպես նաև անձնակազմին բնակության վայրերի մոտակայքից ՊՆ վարչական համալիր տեղափոխող լրացուցիչ երթուղիներ ավելացնելու ուղղությամբ»,- նշված է ՊՆ պարզաբանման մեջ։