Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։
Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը նպատակ ունի մինչև 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստը։ «Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Սրբուհի Գալյանը համաձայն չէ, որ Հայաստանի Սահամանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, չնայած այն բանին, որ Բաքուն պարբերաբար նման պահանջ է ներակայացնում։ Նախարարն այս կապակցությամբ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Արդարադատության նախարարի պաշտոն զբաղեցնող Սրբուհի Գալյանը մայր օրենքի տեքստը պատրաստելու համար հստակ ժամկետ է նշում, սակայն միանշանակ չէ, որ անգամ այդ ժամկետում նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրության դատին։ Այս համատեքստում ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման գրեթե 7 տարիների ընթացքում բազմիցս խոսել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, անգամ հստակ ժամկետներ սահմանել, սակայն այն այդպես էլ չի ընդունվել ու ՀՀ-ում շարունակում է գործել 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որը նույն Փաշինյանը նախկինում անվանում էր «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում»։
Oragir.News-ը փորձեց հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ, երբ և ինչ դրույթներ է ցանկացել փոխել մեր երկրի մայր օրենքը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, թե կառավարության ղեկավարի մոտ ինչ իրավիճակի ֆոնին է նման ցանկություն առաջացել։
2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմադրական փոփոխությունների մասին խոսեց, ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր արտահերթ ընտրությունների հասնել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաև ԱԺ-ին ինքնալուծարման ճանապարհով։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանն այս շրջանում մտահոգված էր, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն, որտեղ դեռևս ՀՀԿ-ն մեծամասնություն ուներ, կարող էր նոր վարչապետ ընտրել և իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ։
2018-ի հոկտեմբերի 2-ից հետո, երբ Փաշինյանի հորդորով վերջինիս աջակիցները շրջափակեցին ԱԺ-ն, ու նա քաղաքական ուժերի հետ հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեց, սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց՝ մինչև 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց, երբ Փաշինյանի հորդորով իր աջակիցները շրջափակեցին Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը, կառավարության ղեկավարը խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։
Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը սակայն այս հայտարարությունից հետո սահմանադրական փոփոխություններ չնախաձեռնեց, իսկ 2 ամիս անց՝ 2019-ի հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Փաշինյանը նման նախաձեռնությունը ճիշտ չէր համարել և պնդել, որ նման դեպքում իրենց կմեղադրեն երկրի մայր օրենքը սեփական շահերին համապատասխանեցնելու փորձերի մեջ։ Փաշինյանը նաև չէր բացառել նոր Սահմանադրություն ընդունելու հնարավորությունը, եթե, իր խոսքով, այդ ճանապարհով հնարավոր լիներ լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։
2019-ի վերջին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեցին, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքների մեկնարկը կառավարությունից հայտնեցին, որ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում, և անձամբ Փաշինյանը հայտարարում էր, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը։
Սրան զուգահեռ ՔՊ-ական իշխանությունն այդ օրերն կենաց-մահու պայքար էր սկսել Սահմանադրական դատարանի այն ժամանակվա դատավորների և բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ՝ ձգտելով ամեն կերպ հեռացել նրանց։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն փորձեցին կյանքի կոչել, սակայն դրանք տապալվեցին և 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ բացառապես ՍԴ դատավորների մի մասին և Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Հանրաքվեն չկայացած բացառապես կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով, որի առաջին օրերին Փաշինյանն ակտիվ քարոզարշավ էր իրականացնում, իսկ արդեն 2020-ի հունիսին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում համապատասխան փոփոխություններ արեց և Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։
Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ 2021-ի փետրվարի 25-ից հետո, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամկազմը՝ այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջեցին պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջինս դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Օրեր անց՝ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կրկին խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն ի տարբերություն նախորդ հայտարարությունների՝ այս անգամ վերջինս ընդգծեց կառավարման համակարգի փոփոխությունների, մասնավորապես կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։
Թեպետ Փաշինյանն այդ օրերին կառավարման խորհրդարանական համակարգը ռիսկային էր համարում, խոսում էր հոկտեմբերին սահմանադրական փոփոխությունների, կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրություններում վերընտրվելուց հետո մտափոխվեց և սկսեց հայտարարել, որ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։
2022-ի հունվարին ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, սակայն Փաշինյանն այդ օրերին իր տված ինքնաասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հստակ չէ, որ այս ամեն արդյունքում ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն։
Արդեն 2024-ի հունվարին Բաքվից հնչող պահանջների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ին անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին։ Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, որը ընդդիմադիրների պնդմամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջով, կառավարության ղեկավարը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում փորձել էր հիմնավորել ցլի և կարմիր զգեստի անհաջող օրինակով, ինչն առաջացրել էր հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Այս հարցազրույցից 5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու ներկայացնել այն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը, ինչը մասնագետները իրատեսական չեմ համարում։
Դավիթ Գույումջյան