Տրանսֆերային անցուդարձ․ Հայաստանի հավաքականի որոշ ֆուտբոլիստներ՝ նոր ակումբներում
copy image url

Տրանսֆերային անցուդարձ․ Հայաստանի հավաքականի որոշ ֆուտբոլիստներ՝ նոր ակումբներում

Սպորտ 3 ամիս առաջ - 21:56 14-01-2025
Ֆուտբոլային տրանսֆերային պատուհանի բացման պահից ակտիվություն է նկատվում նաև հայկական ֆուտբոլում։

Oragir.News-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային արդեն իսկ կայացած գործարքները, ինչպես նաև հավանական տեղափոխությունների մասին տեղեկությունները։

Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը գործող չեմպիոն «Փյունիկի» կազմից տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»։

Փոխարենը, «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով նույնպես հրավիրվում է հավաքական, կարիերան շարունակելու է Չարենցավանի «Վանում»։

21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը, ով պորտուգալական «Կասա Պիայից» վերադարձել էր իր հարազատ ակումբ՝ «Արարատ-Արմենիա», տեղափոխվել է արտասահմանյան ակումբ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մոլդովական ամենատիտղոսակիր և հեղինակավոր «Շերիֆի» հետ։

Ինչպես հայտնել ենք, Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» և ամենայն հավանականությամբ համալրելու է լեհական մեկ այլ ակումբի՝ «Լեգիայի» շարքերը։

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել էր չինական «Ցինդաո Ուեստ Քոսթից»․ ըստ տարածվող տեղեկությունների՝ Հարոյանը կարիերան շարունակելու է իր հարազատ «Փյունիկում»։

Ավելի վաղ Հայաստանի ընտրանու հարձակվող Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբից տեղափոխվել էր արգենտինական «Բելգրանո», որը նրա առաջին ակումբն է եղել։

Ամենից շատ դիտված