Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի պարեկներ Սամվել Մեթոյանն ու Արա Մուրադյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Սևան-Երևան ավտոճանապարհին դեպի Սևան ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ հատվածի անիվը վնասված է և վարորդը հավանաբար չի զգացել այն ու այդ վիճակով մեքենան վարում է՝ պահպանելով թույլատրելի արագությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են ավտոմեքենային, ձայնային ազդանշանով կանգնեցնում են ավտոմեքենան ու մինչ վարորդը պարեկներին է փորձում ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, պարեկները նրան հայտնում են, որ իրեն կանգնեցրել են, քանի որ ավտոմեքենան նա վարում է՝ անվադողերից մեկը «տրաքած»։
Տեղում պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում անիվ փոխելու համար նախատեսված «կլյուչը» և վարորդի ու ուղևորների հետ փոխում են այն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ վարորդը, թե՛ ավտոմեքենայում գտնվող ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են, իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկներին՝ ասելով, որ փորձանքից հեռու մնացին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում