Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կարևորում է խաղաղության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանն ասել է Ստամբուլում՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Հաքան Ֆիդանը նշել է, Արցախի բռնազավթումից հետո տարածաշրջանում բացվել է տևական խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ»։
«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին։ Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»,- հայտարարել է նա։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեկ է նաև, որ իր երկիրն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, ու այս հարցում Թուրքիան շարժվելու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված:
Հաքան Ֆիդանը հավելել է նաև, որ Թուրքիան դատարկ արտաքին քաղաքականություն չի վարում։ «Մենք կամրապնդենք մեր հարաբերությունները Թյուրքական պետությունների կազմակերպության հետ»,- եզրափակել է նա։