Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ռազմական ընկերությունների և ղեկավարների նկատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելու պատճառով
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել 7 ռազմարդյունաբերական ընկերությունների և այնտեղ աշխատող բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ՝ կապված ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելու հետ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարության հայտարարության մեջ նշված ընկերություններն են Boeing ձեռնարկությունը, Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, ինչպես նաև Hudson Technologies Co.-ն:
Վերջերս ԱՄՆ-ն հավանություն է տվել Թայվանին 571,3 միլիոն դոլարի պաշտպանական աջակցությանը մոտ 385 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների վաճառքի թույլտվությունից հետո:
Չինաստանը պնդում է, որ ժողովրդավարական Թայվանն իր տարածքն է, և երբեք չի հրաժարվի ուժի կիրառումից կղզին իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Թայվանը կտրականապես դեմ է Չինաստանի պահանջներին և ասում է, որ միայն կղզու բնակիչները կարող են որոշել իրենց ապագան:
ԱՄՆ-ն օրենքով պարտավոր է Թայվանին տրամադրել իրեն պաշտպանելու միջոցներ՝ չնայած Վաշինգտոնի և Թայբեյի միջև պաշտոնական դիվանագիտական կապերի բացակայությանը:
Պատժամիջոցների արդյունքում կսառեցվեն Չինաստանում գտնվող ընկերությունների և ղեկավարների ակտիվները, և կարգելվի չինական կազմակերպություններին և անհատներին առևտուր անել կամ համագործակցել նրանց հետ, ասվում է նախարարությունում:
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին պահպանել «մեկ Չինաստան» սկզբունքը և դադարեցնել Թայվանին զինելը, ասել է մամուլի խոսնակ Մաո Նինգը՝ հավելելով, որ Պեկինը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու շահերը։