Նրա ապրած հնամաշ տան մոտով հազարավոր մարդիկ են անցնում՝ չմտածելով, որ այդ շենքում իր ծանր օրերն է մաշել նա
copy image url

Նրա ապրած հնամաշ տան մոտով հազարավոր մարդիկ են անցնում՝ չմտածելով, որ այդ շենքում իր ծանր օրերն է մաշել նա

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 14:37 27-12-2024
Գիդ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենաչգնահատված ԱՄԵՆԱՀԱՅԸ

Ամեն օր նրա ապրած հնամաշ տան մոտով հազարավոր մարդիկ են անցնում՝ չմտածելով, որ այդ՝ խորը ծերություն ապրող շենքում իր ծանր օրերն է մաշել ՆԱ։

Ամեն օր նրա կիսանդրիի մոտով հազարավոր մարդիկ են քայլում՝ չնկատելով նրա՝ քարակերտ կերպարի մեջ ամփոփված հպարտ, զգայուն ու խորը մտքերի մոլորված արտացոլանքը։

Նա՝ ամենաչգնահատվածն ամենահայերից՝ Թորոս Թորամանյանը, Հայաստանի քարքարոտ ճանապարհները չափելով կյանքի 30 տարին մաշելիս երևի չէր էլ մտածում, արդյո՞ք մի օր կհիշեն, թե կմոռանան իրեն։
Թորամանյանի մասին շատ եմ գրել, շատ եմ խոսում։

«Թորամանյանը հայ ճարտարապետության Կոմիտասն է», - ասել է Արշակ Չոպանյանը։

Հայ ճարտարապետության ու հնագիտության արևն ու հողն է Թորամանյանը, որ լույս սփռեց ու անմիջապես պարարտացրեց իր տնկած ծառը։ Հիմա նրա հովի ներքո հպարտանում, բայց անունը չենք նշմարում մեր ժամանակների ապրողներս։

Թորամանմյանը հայ ճարտարապետության համար արեց այն՝ ինչը Կոմիտասն արեց հայ երգի համար՝ աշխարհին ցույց տվեց, թե որտեղից է գալիս հայ ազգի ակունքը, զարգացման ինչ ուղի է անցել, ինչպես տարածվել աշխարհով, ուր է հասել ․․․

Փորձել՝ հակիրճ խոսել Թորամանյանի կենսագրության մասին, թերևս, հնարավոր չէ։
Ծնվել է մի համեստ ընտանիքում պատմական Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում 1864 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նույն քաղաքից է սերում մեկ այլ մեծ հայ՝ Անդրանիկ Օզանյանը։ Նրանք մանկության ընկերներ էին, որոնց ուղիները պետք է տարանջատվեին՝ մեկի դեպքում ռազմի ճակատում, մյուսի դեպքում՝ ճարտարապետության և հնագիտության պատերազմի դաշտում։

Վաղ տարիքում՝ ինչպես Կոմիտասը, Թորամանյանը կորցնում է ծնողներին։ Ի՜նչ իմանար պատանին, որ մի ամբողջ կյանք, ու նույնիսկ կյանքից հետո, որբ է մնալու ․․․

Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց հետո նա մեկնում է Պոլիս՝ ժամանակի աշխարհի կենտրոնը, ուր մշակույթի բոլոր գույները խառնվել էին մի գզգզված կծիկի մեջ, ուր կյանքի ու մահվան պայքար էր ուղիղ և փոխաբերական իմաստով։

Բարեբախտաբար Պոլսում Թորամանյանը առիթ է ունենում ստանալ կրթություն ժամանակի եվրոպացի լավագույն մասնագետների կողմից Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում, ուր հայտվել էր հայտնի հայ ճարտարապետական գերդաստանի՝ Պալյանների աջակցությամբ։

Միաժամանակ նա աշխատում էր Պոլսում, իբրև գարաքործ, ուստի գնահատվել էր նրա տաղանդը կայացած վարպետների կողմից։

Բայց ճակատագիրը երիտասարդ Թորոսին ուղիղ ընթացքից նետում է դուրս՝ բարդ ու խրթին ոլորանների վրա գցելով։

Համիդյան ջարդերի ժամանակ Թորամանյանը լքում է Պոլիսը, մեկնում է Եվրոպա։

Եթե ուզում ենք գտնել Թորամանյանի՝ իբրև ճարտարապետ, աշխատանքի հետքերը, ապա պետք է մեկնենք Բուլղարիա, ուր 1896-1900 թթ. ապրել է ու կառուցել։ Բուլղարիայում նրան ճանաչում էին իբրև Թորոս ճարտարապետ։

Հետո, բազմաթիվ հանգամանքների բերումով, որոնց մասին շատ երկար չեմ պատմի, Թորամանյանը լքել է նաև Բուլղարիան, սկսել է ճամփորդել Հին Աշխարհի երկրներում՝ բացահայտելով Հռոմն ու Փարիզը, Ալեքսանդրիան ու Կահիրեն, հասել է Հայաստան ու հաստատվել հայրենիքում։

Իր հրաշալի կրթության և Հին Աշխարհի ճարտարապետության խաչասերումը՝ հիրավի հանճարեղ մարդու գլխում, նոր բռնկումներ են ունենալու հենց այստեղ։

Անասելի բարեբախտություն էր, որ Թորամանյանը հանդիպում է մի այլ սքանչելի այրի՝ հայագետ, հնագետ Նիկողայոս Մառին, ու վերջինիս առաջարկով ու աջակցությամբ դառնում է պատմական Անի մայրաքաղաքի պեղումների մասնակից։

Ականատեսների հիշողություններից իմանում ենք, որ Թորամանյանը բացառիկ տաղանդ է ունեցել գծագրական ու վերակազմության գործում։ Անիի, հետագայում Զվարթնոցի, Հռիփսիմեի, Մայր տաճարի և տասնյակ այլ կառույցների ուսումնասիրության ժամանակ նա ոչ միայն ճշգրիտ գծագրել է իր տեսածը, այլ կարողացել է հստակ ու խիստ իրական չափերի նյութեր պատրաստել, հենց հանճարեղության հաշվին՝ մի քանի քարաբեկորի վրա հենվելով՝ հստակ հատակագիծ գծագրել։

Այսպես, Թորամանյանի կյանքը կտրուկ փոխվում է՝ սկսվում են ծանր օրեր, որոնք ձգվելու էին երկա՜ր տարիներ չքավորության, սովի, ցուրտ ու մութ գիշերների հովանավորությամբ։ Սակայն նրա զոհողությունների գինը պիտի լիներ մի ամբողջ ազգի ճարտարապետական ուղին բացահայտելու ահռելի գործը։

Մասնագետները նշում են՝ այն, ինչ արել է Թորամանյանը մենակ, բոլորովին էլ մի մարդու անելիք չէր, ու զարմանում են, թե ո՞նց արեց։

1904 թվականից սկսած Թորամանյանը մասնակցում է Զվարթնոցի պեղումներին։ Հողե բլուրի տակի արթնացող դեռ անհայտ փլատակները, որոնց ինչ լինելը որևէ մեկին հայտնի չէր, դառնալու էին Թորամանյանի համար ծանրագույն ապրումների, հոգեկան աշխարհի դառնագույն հույզերի, ստորացումների ու ծաղրի պատճառ։

- Կլոր հատակագծով եկեղեցի՞․․․ չլսված բան։ Չի կարող, անհնար է, սուտ է․․․
Չկա ավելի անարդար բան, քան աշխարհին տալ մի նոր ճմարտություն, մի նորահայտ գանձ ու դրա դիմաց ստանալ անպատվություն, մերժում ու վիրավորանք։

Թորամանյանի հալածանքները շարունակվում են, մինչև 1906 թվականին Նիկողայոս Մառն Անիում գտնում է Գագիկ Ա Բագրատունու մանրակերտը՝ ձեռքին կլոր հատակագծով եկեղեցի։ Կրկնօրինակը տեսել եք, եթե գոնե մեկ անգամ եղել եք Երևանի Հանրապետության Հրապարակում՝ Պատմության Թանգարանի մուտքի մոտ։

Թորոս ճարտարապետը չի հանձնվում։ Զվարթնոցն ու Անին սկզիբն էին, բայց երկար էր լինելու բացահայտումների ուղին։

Մայր Տաճար, Հռիթսիմե, Գայանե, Տեկոր, Երերույք, Շամիրամ, Գուսանագյուղ, Արուճ, Մարմաշեն, Ամբերդ ․․․ տասնյակ հուշարձաններ ողջ Հայաստանի տարածքում, որքան հնարավոր էր հասնել մենակ, անոթի, ոտքով՝ ցնցոտիներ հագած։

Ցավոք, նրա տառապանքերը միայն ֆիզիկական չէին։

Իր կազմած նյութերի հիման վրա ծագումով Լեհ ավստրիացի պատմաբան, հայագետ Յոզեֆ Ստրժիգովսկին տպագրում է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր գիրքը, ուր չնշելով հեղինակին միայն շնորհակալություն է հայտնում Թորոս Թորամանյանին՝ գրքի գործում օգնելու համար։

Սակայն ամենից սարսափելի դեպքերը տեղի են ունենում 1918 թվականին, թուրքերի հարձակումը Գյումրի քաղաքի վրա ստիպում է Թորամանյանին շտապ տեղափոխվել Երևան, ու այդ անակնկալ ու խառնաշփոթ պայմաններում նա կորցնում է իր կողմից կազմած մի քանի հատոր գրքի նյութ։

Թորոս ճարտարապետի համար սա դառնալու էր ծանր հիվանդության պատճառ։ Ու թեև նա շարունակում է անհնազանդորեն աշխատել, չհանձնվել, նորից ու նորից ուսումնասիրել ու գրել, սակայն ետ բերել այդ ամբողջ նյութը հնարավոր չի լինում։

Այսօր մեզ Թորամանյանից մնացել է երկու ահռելի գիրք՝ «Հայկական ճարտարապետություն» վերնագրով, և նրա նախաձեռնությամբ հիմնված հնությունների պահպանության կոմիտեն։

Թորամանյանը վախճանվել է չքավորության պայմաններում 1934 թվականին։ Նա մինչև կյանքի վերջին օրը գրիչը ձեռքից չի դրել վար։ Իսկ այսօր՝ Կոմիտասի պանթեոնի մի անկյունում լքված, միայնակ ու անծանոթ հուշատախտակը վկայում է, որ իր՝ առողջության, բարեկեցության ու երիտասարդության հաշվին մաշած տարիների արդյունքը դարձել են ազգի հիմնասյուները, բայց բոլորովին չգնահատված»։

Ամենից շատ դիտված