ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ 2025 թվականի ամանորյա ուղերձները համաձայնեցված են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին,
Oragir.News-ին հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից։
Ճշտող հարցին՝ արդեն ուղերձների հերթականությունը որոշվե՞լ է, Հ1-ի Հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ մնացած հարցերի համար գրավոր դիմենք․
«Ուղերձները բանավոր համաձայնեցված են, բայց լրացուցիչ տեղեկատվության համար կխնդրեմ՝ հարցում ուղարկել»։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի Հանրային հեռուստաընկերություն՝ պատասխանը լինելու դեպքում այն կհրապարակենք։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությունը Վեհափառ Հայրապետի ամանորյա
ուղերձը, չէր հեռարձակել, ինչն աննախադեպ էր։ Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում Վեհափառի ամանորյա ուղերձն ամեն տարի հեռարձակվել է 23:40-ին։
Նախորդ տարի նշված ժամին Հ1-ը հեռարձակեց «Հնչում է Ամանորը» երաժշտական նախագիծն, իսկ արդեն 23։50 հեռարձակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որին կրկին հաջորդեց «Հնչում է Ամանորը» երաժշտական նախագիծը։

Արդեն 2024 թվականի հունվարի 3-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը
հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը։
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։
Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։
Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին․․․»,- նշված էր հայտարարությունում։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր
տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ամանորյա ուղերձն է գրում։
Նարեկ Խաչատրյան