Հայաստանի Հանրապետությունում հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ 2018-ի իշխանափոխության օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս նմանաբովանդակ հայտարարություններով, ինչի արդյունքում նրան հաջողվեց շահել տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքն ու ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրվել, երբ նույն ԱԺ-ում մեծամասնություն էին կազմում ՀՀԿ-ականները, իսկ ՔՊ-ուներ ընդամենը 4 մանդատ։
Իշխանության գալուց, ամիսներ անց էլ կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում բացարձակ ու անսահմանափակ իշխանություն ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունեց մի շարք որոշումներ, որոնցով հպարտ քաղաքացիների հարկային բեռը միայն մեծացավ, իսկ քաղաքական շրջանակները սկսեցին պնդել, որ կառավարության ղեկավարը հերթական անգամ ստել է, և հպարտ քաղաքացին նրա համար տուգանքի մատերիալ է։ Չնայած ՔՊ-ական իշխանությունը հարկ վճարող քաղաքացուն հերոս հռչակելու միջոցով փորձում է ստվերել նույն հերոսի հարկերի շեշտակի ավելացումը, այնուամենայնիվ դա մեծ հաշվով չի հաջողվում։
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային բեռի մեծացումն ավելի տեսանելի կլինի, քանի որ Հարկային օրենսգրքում կատարված մի շարք փոփոխություններ ուժի մեջ են մտնելու հենց այդ ժամանակ՝ բոլոր աշխատող քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն, գույքահարկը բարձրացվելու է 75 տոկոսով, մի շարք բիզնեսներ դուրս են բերվելու շրջանառության հարկի համակարգից և այլն։ Բնակչության լայն շերտերի մոտ հարց է առաջանում, թե Հայաստանի «հեղափոխական» կառավարությունն ինչո՞ւ է շարունակաբար մեծացնում իրենց հարկերն ու տուրքերը.
Գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը ռուս-ուկրաիանական պատերազմի հետևանքով հայտնվել էր բավական շահեկան դիրքում ու խոշոր եկամուտներ ստացել։ Մեր երկիրը գումարներ է աշխատել ինչպես ՌԴ-ից Հայաստան ժամանած միգրանտներից, այնպես էլ վերաարտահանումներից, ինչի շնորհիվ կարողացել է տնտեսական բարձր աճ արձանագրել, թեպետ վերջին շրջանում այս միտումը զգալիորեն նվազում է։
Թվում է թե նման իրավիճակում կառավարությունը պետք է գումարի կարիք չունենար ու հպարտ քաղաքացու հարկային բեռը մեծացնելու մասին չմտածեր, սակայն այս միջոցները անարդյունավետ կառավարման հետևանքով մսխվեկ են, և այժմ կառավարությունն իր ձեռքը մեկնում է հպարտ քաղաքացուն՝ անկախ վերջինիս կամքից։ Նախ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գոյացած միջոցների մի մասը հատկացվել է Պաշտպանության նախարարությանը, նոր սպառազինություն է ձեռք բերվել և այլն, ինչը տնտեսական եկամտաբերություն չունի, սակայն շատերի դիտարկմամբ այն արդարացված է՝ հաշվի առնելով անվտանգային այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Հատկանշական է, որ այս միջոցների մյուս՝ առյուծի բաժինը, ՀՀ իշխանություններն ուղղել են հասարակությանը սիրաշահելուն, ինչի վերջին դրսևորումը ավելի քան 218 հազար քաղաքացիների տույժ-տուգանքները ներելու, նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նախաձեռնությունն էր։ Նախորդող տարիներին բարձրացվել են պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցների աշխատավարձերը, ինչն ապահովել է ներքաղաքական գործընթացների նկատմամբ վերջիններիս լոյալությունը։ Այլ կերպ ասած՝ տնտեսության արտադրող ճյուղերում ներդրումներ կատարելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օդից ընկած այս խոշոր գումարներն ուղղել է հասարակության սպառողականությանը՝ սեփական վարկանիշը ամրապնդելու նպատակով ու վերընտրվելու ակնկալիքով։
Ուշագրավ է, որ այս ամենի հետ մեկտեղ բյուջեի հիմնական ծախսերը տարեցտարի շարունակաբար թերակատարվում են, իսկ ծախսային մասը կտրուկ ավելանում՝ հիմնականում հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետևանքով։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետության ծախսերը շեշտակի աճել են, իսկ տնտեսությունը դրան համարժեք չի աճել, ինչը կառավարությանը դրդում է քաղաքացիների հարկային բեռը մեծացնելու գնով բյուջեի մուտքերը ավելացնել։ Հակառակ պարագայում Հայաստանում կարող է իսկական կոլապս ստեղծվել, որտեղ պետությունն X պահից այլևս չի կարողանա հանրային ծառայողներին աշխատավարձ վճարել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Կարճ ասած՝ Հայաստանի կառավարությունը միջոցների անհեռատես կառավարման ու հեղափոխական մսխումների հետևանքով այժմ ստիպված է հպարտ քաղաքացիների հարկային բեռն էլ ավելի մեծացնի, որպեսզի մի կողմից տնտեսության աճի ներկայիս տեմպերը պահպանի, իսկ մյուս կողմից խուսափի այն իրավիճակից, երբ պարզապես չի կարողա աշխատավարձ ու թոշակ վճարել։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Ռուսաստանից այլևս նույն քանակով գումար չի գալիս Հայաստան, առաջիկա տարիներին քաղաքացիների հարկային բեռի մեծացումը շարունակվելու է։
Ավելին՝ Փաշինյանի կառավարման 6 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 12 մլրդ դոլարի։ Որոշ ժամանակ անց Հայաստանը պետք է նաև արտաքին պարտքի տոկոսադրույքները վճարի, ինչը անելու համար կառավարությունը այլ ելք չի ունենալու, քան նոր հարկատեսակներ մոգոնելն ու դրանք հպարտ քաղաքացիների դրամապանակներին փաթաթելը։
Կարճ ասած՝ մենք և մեր սերունդները առաջիկա տարիներին ու տասնամյակներին սպիտված ենք լինելու վճարել մսխված գումարների, չկատարված կապիտալ ծախսերի, հանրային ծառայողների աշխատավարձերի անհիմն բարձրացումների, չխնայված միջոցների և այլ մսխումների համար։
Տնտեսագետների համոզմամբ՝ սա ոչ թե վատ կառավարման, այլ դրա բացակայության ու տարիներ շարունակ առկա բարձիթողի վիճակի հետեւանքն է, իսկ էլ ավելի ծանր հետևանքերի կանխարգելման համար ներկայիս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։
Դավիթ Գույումջյան