Խայտառակ հերթեր՝ անձնագրայիններում. գերատեսչությունը դա բացատրում է՝ օնլայն չհերթագրվելով
copy image url

Խայտառակ հերթեր՝ անձնագրայիններում. գերատեսչությունը դա բացատրում է՝ օնլայն չհերթագրվելով

Ներքին 4 ամիս առաջ - 15:30 17-12-2024
Երևանի անձնագրային բաժանմունքներում խայտառակ հերթերը շարունակվում են։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ թեև վաղ առավոտյան են շտապում անձնագրային բաժանմունքներ, բայց հերթերից խուսափել հնարավոր չէ։

«Ժամը 8-ից, 9-ից մարդիկ հերթ են կանգնում անձնագրայինների մոտ, որպեսզի մի գործարք կարողանան անել, բայց հարց է՝ կհասցնե՞ն, թե՞ ոչ»,- դժգոհեցին քաղաքացիները։





Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Դավթաշենի բաժին, որտեղից հայտնեցին՝ խնդիրը պայմանավորված է ֆիզիկական հերթերով.

«Իրականում քաղաքացիները պետք է մոտենան օնլայն հերթագրումներով, բայց շատերը դժվարանում են օնլայն հերթագրվել, նախընտրում են մոտենալ, կտրոն քաշել և սպասարկվել, որն էլ իր հերթին բերում է այդ անհարամարությունները քաղաքացիների համար։ Եթե օնլայն հերթագրումով, ամրագրված օրով և ժամով մոտենում են, այդ դեպքում մարդը կարիք չի ունենում 1 ժամ սպասելու»։

Դիտարկմանը, որ դժգոհություններ կան տվյալ համակարգից։ Բացի այն, որ բարդ է, նաև տեխնիկական խնդիրներ են լինում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հակառակը պնդեցին․

«Համակարգը շատ լավ աշխատում է, կարող եք ինքներդ էլ փորձեք։ Իսկ թե ինչո՞ւ են հերթեր, արդեն ասացի։ Գուցե իրենց այդպես ավելի հարմար է, բայց ռիսկերը քաղաքացիներինն է, իրենք այդ մասին իրազեկված են, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր կայքում»։

Խոսքը migration.e-gov.am հավելվածի մասին է, որով քաղաքացիները կարող են նախապես առցանց հերթագրվել։

Անձնագրային բաժանմունքներում այս խնդիրը հատկապես այս տարի ամռանն էր գլուխ բարձրացրել, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ID ստանալու օնլայն հերթերը չեղարկել էր, որ կարողանային մարդկանց սպասարկել անձնագրի հարցում։

Անձնագրերի համար հերթեր կանգնելու խնդիրը սկսվել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մասնավորապես՝ 2021 թվականի ամռանը տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում անձնագիր չեն տրամադրում քաղաքացիներին։

Ոստիկանությունը լրատվամիջոցների հետ այս տեղեկությունը հաստատել էր, սակայն մանրամասներ չէր հայտնել, միայն նշել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, որի պատճառով էլ անձնագիր չի տրամադրվում։

Այդ օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ քաղաքացիներին անձնագրեր չտրամադրելու պատճառը համատարած արտագաղթի վտանգն է, հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ելքը, ինչպես նաև 2021 թվականի մայիսին թշնամու զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժումն ու որոշ հատվածների օկուպացիան։ Ի դեպ, մինչ օրս թշնամի Ադրբեջանի զինծառայողները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված