Հանուն Փաշինյանի վերարտադրության՝ ՀՀ-ն Ադրբեջանի մեղադրանքներն անպատասխան է թողնում
copy image url

Հանուն Փաշինյանի վերարտադրության՝ ՀՀ-ն Ադրբեջանի մեղադրանքներն անպատասխան է թողնում

Ներքին 4 ամիս առաջ - 19:30 06-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դեկտեմբերի 6-ին Մալթայում կայացել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Արարատ Միզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Թեպետ Ադրբեջանի արտգործնախարը Հայաստանին ուղղված բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել, Միրզոյանը դրանց չի հակադարձել, միայն խոսել է խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ընգծեց՝ այս իրողությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է Ադրբեջանից մի փաստաթուղթ ստանալ, որի վրա գրված կլինի խաղաղություն, բովանդակությունը՝ կապ չունի։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այս իրավիճակում առաջ է տանում իր քաղաքականությունը, նշում՝ քանի դեռ Սահմանադրությունը չի փոխվել, պայմանագիր չի ստորագրվելու․


/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

«Դա չի նշանակում, որ Սահմանադրությունը փոխելուց հետո այդ պայմանագիրը ստորագրվելու է, բայց նշանակում է, որ նա պահանջ է դնում․ փոխել Սահմանադրությունը, հետո՝ ուրիշ բան կպահանջի։ Ադրբեջանը ժամանակ է շահում, որովհետև չգիտի՝ Թրամփը Հարավային Կովկասում և մեծ Մերձավոր Արևելքում ի՞նչ քաղաքականություն է իրականացնելու։ Հետևաբար՝ ինքը չի ցանկանում թեկուզ ձևական բնույթ ունեցող փաստաթղթով իրեն պարտավորեցնել ինչ-որ սահմանափակումներով, որի անունը կլինի խաղաղության պայմանագիր։ Բնավ Ադրբեջանը նման ցանկություն չունի, ինչը տրամաբանական է»։

Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 2026 թվականի ընտրությունները մոտենում են, իսկ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ հանրությանը ցույց տալու ոչ մի բան չունեն․ «Տնտեսական աճ չկա, կոռուպցիան նույն չափերին է մնացել, պադավատապետությունը նույն ձևի է, ավտանգություն գոյություն չունի, փախստականներ, արտագաղթ և այլն։ Ուստի իրենց միայն մի բան է մնացել․ ամեն գնով այդ թուղթը ստանալ, որի վրա խաղաղություն գրված կլինի։ Դրա համար չեն արձագանքում ադրբեջանցիներին, որ այդ գործընթացին իբր թե չվնասեն, սակայն խաղաղության գործընթաց առհասարակ գոյություն չունի»։

Արմեն Բադալյանը դժվարացավ պատասխանել՝ մինչև 2026 թվականը նման փաստաթուղթ կհաջողվի՞ ստորագրել, թե՞ ոչ՝ նշելով, որ դա կախված է մի շարք հանգամանքներից, որոնք այս պահին դեռևս տեսանելի չեն։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստան ադրբեջանցիների «վերադարձն» է, որի թեմայով հենց այսօր Բաքվում համաժողով է անցկացվում։ «Նույն այդ Մալթայի հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը «արևմտաադրբեջանական» հարաբերվելու ու վերադարձի խնդիրները քննարկելու քաջություն չի ունենում։ Այս ամենին չեն արձագանքում, որպեսզի գործընթացին չվնասեն․ միայն թե Ալիևը ստորագրի ու այդ թուղթը տա իրենց»,- ասաց նա։

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ Հայաստանի արտգործնախարարը չի ներկայացնում ու չի սպասարկում ՀՀ շահերը, արդեն մի քանի տարի շարունակ այս իրողությանն ականատես ենք լինում։ «Բացի մեղադրանքներից, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ խաղաղություն կա, դրանով իսկ հաստատել է այն գաղափարը, որ պաշտոնական Երևանը Բաքվի ցանկությունների դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկում, նույնիսկ այս իրավիճակն իրենք արդեն համարում են փաստացի խաղաղություն։ Բնական է՝ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից փորձելու է առավելագույնը ստանալ, ինչն էլ անում է»,- ասաց նա։


/Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ/

Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ Բաքվում մտահոգված են, որ Արցախի հարցը միջազգային քաղաքականության օրակարգից դուրս չի գալիս, օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել, սակայն դա չի հաջողվել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս պահին զգուշավոր քաղաքականություն է իրականացնում․ մի կողմից փորձում է ամեն ինչ ստանալ, իսկ մյուս կողմից հարցն այնքան չձգձգել, որ գերտերությունները սկսեն նորից Արցախի հարցով զբաղվել, չվերակենդանացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

«Սա է տեղի ունենենում, և Ադրբեջանն այդ ռիսկերը կարողանում է կառավարել 2 հանգամանքով․ առաջինը միջազգային իրավիճակը՝ այլ տարածաշրջաններում առկա լարվածության աճը, երկրորդն էլ՝ հայկական կողմի՝ իր կամքը կատարելու մշտական պատրաստակամությունը։ Այսինքն՝ այս պարագայում դեռ փորձելու են հասնեն նրան, որ Հայաստանում Սահմանադրություն փոխվի, հայկական կողմը նոր զիջումների գնա, սահմանազատումն անցկացվի Ադրբեջանի համար շահեկան պայմաններով, բայց հայկական կողմին մշտապես այդ խաղաղության օրակարգում պահեն, որպեսզի հենց պետք լինի ստորագրել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, Հայաստանը դա անի ու դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը թույլ չտրվի»։

Մելիք-Շահնազարյանը նույնպես կարծում է՝ Հայաստանը Ադրբեջանի մեղադրանքներին չի արձագանքում, որպեսզի գործընթացին չվնասի։ Նա նկատում է՝ Փաշինյանի կառավարությունը չի էլ թաքցնում, որ ինքը չի պաշտպանում հայկական շահերը, որպեսզի հանկարծ չվնասի կամ անհարմար իրավիճակի մեջ չդնի Բաքվին, այդ մասին բաց տեքստով է ասվում։

«Սա առաջին հերթին արվում է իրենց իշխանությունը պահպանելու ու վերընտրվելու համար, բայց չեմ բացառում նաև, որ այլ պայմանավորվածություններ էլ կլինեն, ինչի ականատեսը մենք եղել ենք․ երբ թվում էր, որ Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին, պարզվում էր, որ առկա են նոր պահանջներ, որոնք բավարարելուն Հայաստանը դեմ չէ»։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի