Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ պաշտոնանկությունների շքերթ, որից հետո լուրեր տարածվեցին, որ մանդատները վայր պիտի դնեն որոշ պատգամավորներ։ Նոյեմբերի 22-ին վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատեց այս տեղեկատվությունը․ «Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, իր «խնդրանքը» անարձագանք չի մնա։
Սակայն մինչ օրս ԱԺ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» և վայր չի դրել մանդատը։
Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչ եք կարծում` կկարողանա՞ Հովիկ Աղազարյանը դիմագրավել իշխանության ճնշումներին ու պահպանել մանդատը որպես անկախ պատգամավոր։
Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ սա հերթական շոուն է այս իշխանությունների մատուցմամբ։ Անցորդների մի մասն էլ նշեց, որ ՔՊ-ական պատգամավորը չի կարողանա դիմակայել ճնշումներին։
«Եթե որոշել է, ուրեմն պիտի անի, ուղղակի սրանք ձևեր են, որ երկարացնում են։ Սահմանադրություն գրողն էլ են իրենք, կատարողն էլ են իրենք»,- ասաց մի տղամարդ։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ սա ներկուսակցական հարց է, որը չպետք է հանրային դառնար․ «Իշխանության ճնշման հարց չկա։ Այստեղ ներկուսակցական հարց է։ Իրենք իրար մեջ պետք է որոշեն՝ ով պիտի մանդատով լինի, ով՝ ոչ»,- նշեց նա։
Մեկ այլ անցորդ էլ վրդովված պատասխանեց․ «Ո՛չ Հովիկ Աղազարյանն է ինձ հետաքրքրում, ո՛չ էլ՝ մնացած «ուսապարկերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։