Շիրակի մարզում առողջապահությունը ոչ բոլոր շերտերին է հասանելի։ Առողջապահության ոլորտում առկա են խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Թերևս առաջնային խնդիրներից են անհրաժեշտ սարքավորումների և նեղ մասնագետների պակասը։
Oragir.News-ը քաղաքացիներից ստացել է դժգոհություններ, որ պոլիկլինիկաներում ժամերով սպասում են, բայց այդպես էլ չեն կարող լիարժեք օգտվել անվճար բժշկական օգնությունից։
Oragir.News-ի թղթակիցն է եղել Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում, զրուցել պացիենտների հետ։
«Թերապևտի մոտ եմ եկել, բայց տեղում չէ... չգիտեմ էլ երբ է գալիս։ Ոտքիս համար եմ եկել, բայց էդպես էլ բժշկին չտեսա»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սերոբ Սարգսյանը։
Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում պացիենտներ կան, որ գյուղերի բնակիչներ են և իրենց համար խնդիր է ժամերով սպասել, որովհետև տրանսպորտին չեն հասնում։
«Ես նյարդավիրաբույժի մոտ եմ հերթագրվել, ահագին ժամանակ է սպասում եմ։
Նեղ մասնագիտական բժիշկները 2-3 բուժհիմնարկում են աշխատում և էդ պատճառով էլ է նաև, որ էսպիսի հերթեր են գոյանում։ Լինում է նաև, որ հերթագրում են, բայց ի վիճակի չես լինում սպասել էդպես հերթդ կորում է»,-ասում է 70-ամյա Սվետա Պապոյանը։
Տիկին Սվետան ասում է, որ Գյումրիում նեղ մասնագետները քիչ են, դա է նաև պատճառը, որ մարդիկ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար ստիպված են սպասել։
«Մենք լավ մասնագետներ ունենք. մասնագետները քիչ են, պացիենտները շատ»,-շարունակում է տարեց կինը։
Մեկ այլ բուժառու էլ նշում է, որ Գյումրիում բժշկությունը անհասանելի է հատկապես տարեցների համար։