Կա՛մ վախենում են, կա՛մ համաձայն են. Փաշինյանը ՔՊ-ի դեմ է գործում
copy image url

Կա՛մ վախենում են, կա՛մ համաձայն են. Փաշինյանը ՔՊ-ի դեմ է գործում

Ներքին 4 ամիս առաջ - 09:00 27-11-2024
Արևտյան Հայաստանի և այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» համեմատությունը հանրային բանավեճի առարկա է դարձել։ Ինչպես և կանխատեսվում էր՝ հանրությունը Նիկոլ Փաշինյանի այս համեմատությունը որակում է նոր դավաճանություն և ստոր տականքություն։ Քաղաքական համայնքի մի մասը և որոշ քաղաքագետներ բազմաթիվ փաստարկներ են բերում և ապացուցում, որ այս համեմատությունը տեղին չէ, հակագիտական է և նույնիսկ հակաբարոյական։ Նույնիսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին է անդրադարձել թեմային, հրապարակելով Իրանի Արևմտյան Ատրպատականի քարտեզն ու գրելով՝ «Միակն ու անկրկնելին»։ Այսինքն՝ բանավեճի մի կողմը հստակ փաստարկներ ունի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին սատարողները չեն երևում։ Թիմից ոչ ոք առաջ չի գալիս ու չի կրկնում Փաշինյանի համեմատությունն ու հարցը։

Ինչո՞ւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները չեն պաշտպանում իրենց առաջնորդի մոտեցումը Արևմտյան Հայաստանի և այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» համեմատության վերաբերյալ։

Այս առումով՝ շրջանառվում է 2 վարկած։

Առաջինի հիմքում վախն է։ Պատգամավորը, Կառավարության անդամը, ՔՊ-ականը վախենում են կարծիք հայտնել։ Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո իշխանության ներսում իրավիճակ է փոխվել։ Աղմկահարույց, խմբակային պաշտոնանկությունները հիմնավոր սարսափ են տարածել թիմում։ Եվ նույնիսկ ՔՊ-ի կրթված, բանիմաց անդամները, որոնք Փաշինյանի արած համեմատությունը համարում են քաղաքական սխալ, խիզախություն չունեն հրապարակավ անհամաձայնություն հայտնելու, քանի որ վախենում են, որ sms կստանան ու կհեռացվեն պաշտոնից, կզրկվեն հարկատուների միջոցները վայելելու արտոնությունից։

Թիմում ոչ ոք չի ասում, որ համաձայն չէ Փաշինյանի արած աղմկահարույց համեմատության հետ, որովհետև ներքին ժողովրդավարություն և խոսքի ազատություն չկա, այլ կա տոտալ վախ, որ կզրկվեն պաշտոնից ու չի բացառվում, որ նաև հետապնդվեն։ Իսկ եթե նրանց ուղիղ հարցնես այդ մասին, ապա, ենթադրաբար՝ կձևացնեն, թե սեփական կարծիք չունեն։ Կարևորն այն է, որ պաշտոն ունեն, կայուն ու բարձր աշխատավարձ ու պարգևավճար։ Այսինքն՝ միջին վիճակագրական ՔՊ-ականն ուղիղ հարցի դեպքում կձևացնի, թե իրեն պարզապես չի հետաքրքրում, թե ինչ սխալ համեմատություն է անում իրենց առաջնորդը։

Երկրորդ վարկածով ենթադրվում է, որ ՔՊ-ական պաշտոնյաները կիսում են Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Եվ լուռ համաձայնություն են հայտնում Փաշինյանի մոտեցմանը։ Ու եթե հարկ լինի, ապա կարող են նույն շեշտադրումներով ասել, որ իրենք նույնպես կարծում են, որ քաղաքական խոսույթում Արևմտյան Հայաստանն ու այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանը» համարժեք բաներ են։

Այս հարցում պետք է պարզություն մտցնել։ Եթե թիմակիցներն առաջնորդի հետ համաձայն են, ապա պետք է ուղիղ հայտարարեն այդ մասին, որպեսզի հանրության համար պարզ լինի, որ այս աղմկահարույց համեմատությունը ոչ թե պահի տակ թույլ տված հերթական սխալ արտահայտությունն էր, այլ կուսակցական դիրքորոշում։ Եթե առաջնորդի հետ համաձայն չեն, պետք է գոնե այնքան ազնվություն ունենան, որ խոստովանեն իրենց վախերը։

Պարզ ասած՝ ՔՊ-ականները բարդ ընտրության առաջ են հայտնվել։ Իրենց առաջնորդին պաշտպանելու պարագայում կորցնելու են մեծ ընտրազանգված և հավաքական հեղինակության անկում են ունենալու։ Առարկելու դեպքում նույնպես նրանց էլեկտորատը տրոհվելու է։

Առանց այս էլ՝ ժողովրդի մի մասը բավարար պատճառներ ուներ Փաշինյանին չընտրելու համար։ Արևմտյան Հայաստանը այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ համեմատելուց հետո ավելացավ ևս մեկը։ Տպավորություն է, թե Փաշինյանը գործում է ՔՊ-ի դեմ, միտումնավոր է ասում ակնհայտ սխալ բաներ, որ բացասական վերաբերմունքի արժանանա ընտրողների կողմից, նվազեցնի էլեկտորատը, հետո պարտվի ընտրություններում ու ազատվի ծանր բեռից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված