Քաղաքական հետապնդումը՝ թվերով. ՀՀ-ում 2018-ին 18.522 քրեական վարույթ է նախաձեռնվել, 2023-ին՝ 51.760
copy image url

Քաղաքական հետապնդումը՝ թվերով. ՀՀ-ում 2018-ին 18.522 քրեական վարույթ է նախաձեռնվել, 2023-ին՝ 51.760

Ներքին 4 ամիս առաջ - 10:46 23-11-2024
2024 թվականի տարեսկզբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց 2023 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներին։

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին նախաձեռնվել է 18․522, 2019 թվականին նախաձեռնվել է 20․927, 2020 թվականին՝ 22․747, 2021 թվականին՝ 26․935, 2022 թվականին՝ 43․643, իսկ 2023 թվականին՝ 51․760 քրեական վարույթ:

«2018 թվականին վարույթների 9,7%-ի դեպքում է կիրառվել կալանք խափանման միջոցը, 2019 թվականին՝ 8,6%-ի, 2020 թվականին՝ 7,6%-ի, 2021 թվականին՝ 3,8%-ի, իսկ 2022 թվականին՝ 4,6%-ի: Ստացվում է, որ 2018-ից 2021 թվականների ընթացքում քրեական վարույթների թվի նկատմամբ կալանքի կիրառման տոկոսը նվազել է, այնինչ 2022 և 2023 թվականներին գրանցվել է աճ: Պաշտպանն ընդգծում է, որ 2021 թվականի համեմատությամբ գրանցված աճը մտահոգիչ է գործող օրենսդրությամբ նախատեսված այլընտրանքային միջոցների լայն շրջանակի նախատեսման հաշվառմամբ: Տարեկան հաղորդման նախապատրաստման շրջանակում Արդարադատության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2471 ազատազրկված անձ, որից 1317-ը կալանավորված անձինք են: Այսինքն` ընդհանուր ազատությունից զրկված անձանց 53.29%-ը»,- նշված է ՄԻՊ-ի տարկան հաղորդման մեջ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Oragir.News-ի հետ զրույցում այս երևույթը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Որևէ պարագայում ստատիստիկայի վրա հենվելը ճիշտ չէ, որովհետև մենք Ազգային ժողովում ունեցել ենք լսումներ, որտեղ նույն դեպքերի մասին Գլխավոր դատախազն ուրիշ թիվ է ասել, քննչական մարմինն ուրիշ թիվ է ասել, ոստիկանությունը՝ այլ:

Կա սուտ, կա լկտի սուտ և կա ստատիստիկա: Բայց մենք Հայաստանում տեսանք, թե ինչպես են յուրաքանչյուրն իր նպատակահարմարությունից ելնելով՝ այդ լկտի սուտը օգտագործում իրենց գովերգելու համար։ Բայց ինչքան էլ իրենք իրենց գովեն կամ ըստ իրենց նպատակահարմարության գնահատեն, միևնույն է՝ իրավիճակը գնալով ծանրանում է:

Գլխաքանակով կամ հատով արդարադատությունը երբեք չի կարելի չափել, արդարադատությունը այլ ոլորտի, այլ տրամաբանության մեջ է տեղավորվում:

Կապ չունի, թե ինչքան գործ է հարուցվել, կապ չունի, թե Դուք ինչքան արդյունք եք ստացել։ Կարևոր է, թե Դուք բովանդակային, ըստ էության արդարադատության ընկալումը հասարակության մոտ փոխե՞լ եք, թե՞ ոչ։ Երկրորդ՝ արդարադատություն իրականացնող մարմինների մոտ վարքագիծ՝ արդարադատության էությանը, գաղափարին համապատասխան արդարադատության համակարգ ստեղծե՞լ եք, թե՞ չեք ստեղծել: Մնացածը՝ սաղ սուտ է, ինչ թիվ ուզեն, կնկարեն և ըստ նպատակահարմարության գործ կունենան, կներկայացնեն:
Մեկը կասի՝ մենք այնքան վստահություն ունենք, որ մեզ սկսել են ավելի շատ դիմել, այս մանիպուլյացիան հաճախ օգտագործում է Գլխավոր դատախազությունը: Մյուսը կասի՝ առաջ չէին աշխատում, իսկ հիմա մեր ջանասիությունը 188 տոկոսով ավելացել է»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ անկախ նրանից, թե որ մարմինն ինչ կասի, հասարակության մոտ արդարադատության նկատմամբ կա շատ ցածր վստահություն, ինչը չափազանց վտանգավոր է:

Դիտարկմանը, որ ՄԻՊ-ը հաշվետվության մեջ այս թվերը ներկայացնելիս հղում է արել Գլխավոր դատախազությանը, Կարապետյանցն այսպես արձագանքեց.

«Երկու համակարգն էլ նշանակված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած 2 ղեկավարներն իրար թիվ են փոխանցել, որովհետև Հայաստանում որպես այդպիսին ինստիտուտներ չեն գործում, հետևաբար ինչ թիվ ուզել են, իրար փոխանցել են:

Ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասում՝ «Ինչքան ուզենք, այնքան կխփենք», հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ թիվ ուզի, կնկարի, ո՞վ ի՞նչ հնարավորություն ունի դա ստուգելու... Հայաստանում ո՞ր մարմինն է անկախ եղել, որ ՄԻՊ-ն էլ անկախ լինի։

Որևէ կառույցի նկատմամբ անկախության մասով վստահություն չունեմ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ինչպես նախկինում, որևէ մարմին անկախ չի եղել: Ժամանակին՝ որ մարմինը փորձել է անկախ լինել, դիմադրություն ցույց տալ, դուրս են շպրտել: Դրա վառ օրինակը Կարեն Անդրեասյանն է, որը ՄԻՊ եղած ժամանակ փորձեց մի քիչ անկախանալ, հանեցին, դուրս շպրտեցին:

Բոլոր ժամանակներում, բոլոր պաշտոններում, որոնք տեսանելի են և կարող են ազդեցություն ունենալ, բոլոր ժամանակների իշխանություններն ունեցել են իրենց սրտի մարդկանց:

Նիկոլ Փաշինյանն առավել մեծ մոլուցքով է տառապում, որովհետև ինքը նաև անհանգստություն ունի հեղաշրջման և իրեն պաշտոնից հեռացնելու, հետևաբար այլ տարբերակ ուղղակի չի քննարկվում»:

Վերադառնալով բուն խնդրին, որ 2018 թվականին նախաձեռնվել է 18 522, քրեական վարույթ, իսկ 2023 թվականին այս թիվը մի քանի անգամ ավելացել է դառնալով 51 760, Նինա Կարապետյանցն ասաց.

«Ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքական հակառակորդների նկատմամբ, ըստ նպատակահարմարությամբ՝ քրեական գործեր են հարուցվել, ըստ նպատակահարմարությամբ օգտագործվել են և՛ ոստիկանության ուժերը, և՛ քննչական մարմինների ռեսուրսները, և՛ դատարանները: Բարեփոխումների անվան տակ դատարաններում հայտնված իրենց սրտի դատավորներն են անխոչնդոտ տվել այդ կալանքի որոշումները: Այնպես որ, ներկայացված թվերը չեն խոսում փոփոխությունների կամ բարեփոխումների մասին: Հայաստանում ոչինչ չի փովել արդարադատական համակարգում, առանձին դեպքերում վիճակը շատ ավելի ծանր կարելի է գնահատել, որովհետև, եթե նախկինում գիտեինք, որ կայուն ծանր է վիճակը, ապա հիմա տոտալ քաոս է, որովհետև նորմալ, ժողովրդավար երկրում արդարադատության համակարգը պետք է լինի ամենականխատեսելի համակարգը: Մենք ունենք տոտալ քաոս և սա չի կարող չազդել մեր բոլոր խնդիրների վրա՝ ներառյալ արտաքին անվտանգության հարցերը, արտաքաին քաղաքականության հարցերը:
Թվում է, թե ներսի խնդիր է, բայց իրականության մեջ շատ ավելի լայն ու ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար»:

Ի դեպ, ուշագրավ է, որ արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները չեն բարձրաձայնում Հայաստանում նախաձեռնված քրեական վարույթների շեշտակի աճի մասին, այդ թվում՝ քրեական հետապնդումների:

Ամենից շատ դիտված