Թյուրքական ինքնության փնտրտուքը․ թուրքական փափուկ ուժն ու ապագայի մարտահրավերները
copy image url

Թյուրքական ինքնության փնտրտուքը․ թուրքական փափուկ ուժն ու ապագայի մարտահրավերները

Արտաքին 4 ամիս առաջ - 21:30 21-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մինչև ՀՀ գործող իշխանությունները իրական և պատմական Հայաստանի ճամփաբաժանին հրաժարվում են հայ ժողովրդի ինքնությունից ու նոր ինքնություն են փնտրում, մեր երկու հարևան, բայց ոչ բարեկամ երկրները իրենց համար ինքնություն են ստեղծում՝ փորձելով այն պարտադրել ողջ աշխարհին։

Նոյեմբերի 6-ին Բիշքեկում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների 11-րդ գագաթաժողովը՝ «Թյուրքական աշխարհի հզորացում.տնտեսական ինտեգրում, կայուն զարգցում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար» խորագրով։ Համաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, այնպես էլ դիտորդները։ Այն պետք է կայանար դեռևս հոկտեմբերի 24-ին, սակայն ԲՐԻԿՍ-ի կազանյան համաժողովը և մի շարք այլ հանգմանքների պատճառով այն հետաձգվեց։

Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը հիմնադրվել է 15 տարի առաջ. թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծմամբ 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է Նախիջևանի համաձայնագիրը և հենց այդ օրն էլ ընդունվել է որպես թուրքական պետությունների համագործակցության օր։ 2019-ի սեպտեմբերի 14-ին Ուզբեկստանը միացել և դարձել է Թուրքական Խորհրդի անդամ, ավելի ուշ Հունգարիան միությանն անդամակցել է որպես դիտորդ։

Ընթացիկ օրակարգի շրջանակներում քննարկվել են բազմակողմ համագործակցության ընթացիկ հարցեր: Հանդիպման արդյունքում ստորագրված 16 փաստաթղթերի թվում էին Բիշքեկի հռչակագիրը եւ թյուրքական աշխարհի պարտիան: Նախատեսվում է, որ այս ամենը կնպաստի ինտեգրման ընդլայնման եւ խորացմն նոր հնարավորությունների իրացմանը:

Վերլուծաբանները կարծում են, որ Բիշքեկում կայացած ԹՊԿ համաժողովի օրակարգն ակնհայտորեն ցույց տվեց՝ երեք հիմնարար ուղղությունները՝ գաղափարախոսությունը, տնտեսությունն ու անվտանգությունը, կարևոր են առաջին հերթին Թուրքիայի համար, որը կազմակերպությունը կապում է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում իր ներկայության ընդլայնման հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում հիմվեց թյուրքական ժողովուրդների ընդհանուր մշակութային ժառանգության վրա՝ համառորեն քարոզելով արագ անցում կատարել թյուրքական ակադեմիայի կողմից հորինված 34 տառից բաղկացած «միասնական թյուրքական այբուբենին»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը և ինքնհռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունն արդեն պատրաստ են անցնել նոր գրերի, ուստի ժամանակն է, որ միավորման մնացած անդամները նույնպես կողմնորոշվեն։ 34 տառից բաղկացած միասնական այբբուբենն ընդունվել էր այս տարի սեպտեմբերի 9-11-ը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։

Ներկայումնս գործընթացը դանդաղում է, քանի որ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններն այնքան էլ ոգևորված չեն այս հեռանկարով։ Այս երկրներում վախենում են այն բացասական հետևանքներից, որոնց իրենց ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը կարող է բախվել միասնական լատինատատ այբբուբենի անցնելու դեպքում։ Բացի այդ, մեծանում է մայրենի լեզվի կոլորիտի կորստի վտանգը, ինչն արդեն տեղի է ունենում Ղազախստանում:

Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունները և նրանց հետ սերտորեն կապված փափուկ ուժի ինստիտուտներն ակտիվ աշխատանք են տանում էթնիկ դիվանագիտության ոլորտում՝ ներառյալ թյուրքագիտական համաժողովները, գիտահետզոտական աշխատանքները, հրատարակչական գործունեությունը և այլն։ Չնայած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներին, պետք է փաստենք, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր անցած տասնամյակներին թուրքերին հաջողվել է պանթուրանիզմի և նեոօսմանիզմի ուղեծրում ներգրավել տեղի բնակչության մի մասին՝ ներառյալ ակտիվ երիտասարդությանն ու ինտելեկտուալ էլիտային։ Բացի այդ, հայտնի է Էրդողանի կիրքը կրոնի և կրոնական կրթության հանդեպ, ինչը որոշակի հանգամնքներում կարող է կոնֆլիկտի մեջ մտնել Կենտրոնական Ասիայի ներկայիս վարչակարգերի աշխարհիկ բնույթի հետ, որոնք ձգտում են զսպել կրոնական դրդապատճառներով ի հայտ եկող արմատական տրամադրությունները:

Բիշքեկյան գագաթաժողովի մյուս կարևոր խորհրդանշական իրադարձությունը ԹՊԿ դրոշի հաստատումն էր, որը կոչված էր ամրապնդելու դրա քաղաքական սուբյեկտայնությունը: Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուսադիրներով թուրք քարտեզագետները համառորեն առաջ են տանում անգլերենով «թյուրքական աշխարհի միասնական քարտեզ» ստեղծելու գաղափարը: Այս համատեքստում Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայը հայտարարել է, որ աշխարհագրական գիտելիքներն ու քարտեզները հսկայական նշանակություն ունեն մարդկության ողջ պատմության ընթացքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ գորշ գայլերի առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահին էր ներկայացրել թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ էր պարունակում, կասկածի տակ դնում ՌԴ տարածքային ամբողջականությունը։ Մեկ այլ ակնհայտ խնդիր է նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հեռացումը Չինաստանից և Ռուսաստանից՝ «թյուրքական ժողովուրդների միասնության» կասկածելի կարգախոսի ներքո, ինչը փորձագետների համոզմամբ դժվար իրագործելի է։

Դժվար է ասել՝ որքանով կհաջողվի իրագործել այս հսկայածավալ ծրագրերը, կամ դրանց գոնե մի մասը, սակայն ակնհայտ է, որ թյուրքալեզու պետությունները՝ Թուրքիայի գլխավորությամբ, հավակնոտ նպատակներ են սահմանել ու շարժվում են դրանց իրագործման ուղղությամբ։ Թուրքիայի իշխանություններն իրենց առջև մի շարք հավակնոտ նպատակներ են դրել ու շարժվում են դրանց իրագործման ուղղությամբ, այդ թվում փափուկ ուժի միջոցով։ Այս նպատակների իրագործումը մեծապես կախվախ է Եվրասիայի դինամիկ փոփոխվող աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ թյուրքական նախագծի հնարավոր տեղի հետ, որի ուրվագծերը արդեն տեսանելի են։

Չնայած այն հանգամանքին, որ այստեղ խոսքը բավական հեռավոր ու անորոշ հեռանկարների մասին է, պետք է նկատենք, որ թյուրքալեզու երկրները մտադիր չեն հրաժարվել դրանցից, իսկ որոշ նախագծեր արդեն սկսել են իրագործել՝ հենց այս նպատակով։ Ասվածի վկայությունը վերը նշված «թյուրքական աշխարհի միասնական քարտեզն» է, որին տարածաշրջանային ազդեցիկ դերակատարները պետք է մեծ ուշադրություն դարձնեն ու ամեն կերպ վիժեցնեն այն, այլապես դա կարող է աղետալի հետևանքներ ունենանալ նախևառաջ իրենց համար։

Կարճ ասած՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը թուրքական փափուկ ուժի դրսևորումներից մեկն է, ինչպես նաև ապագայի գլխավոր մարտահրավերներից մեկը, որի դեմ հարկավոր է լուրջ միջոցներ ձեռնարկել։

Ամենից շատ դիտված