Բյուրականի դպրոցում պահանջում են տնօրենի վերադարձը․ մարզպետարանից պնդում են՝ դասադուլն ուղղորդված է
copy image url

Բյուրականի դպրոցում պահանջում են տնօրենի վերադարձը․ մարզպետարանից պնդում են՝ դասադուլն ուղղորդված է

Ներքին 5 ամիս առաջ - 14:21 16-11-2024
Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատանքների բնականոն ընթացքը խաթարված է․ ուսուցիչները մայիս ամսին իրականացրած դասադուլները վերսկսել են։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, սակայն աշխատակիցը հորդորեց մեկնաբանություն ստանալ մարզպետարանի լրատվության բաժնից։

Արագածոտնի մարզպետարանի լրագրող Նանե Ավանեսյանը Oragir.News-ին հայտնեց, որ դպրոցի աշխատակիցների հետ հանդիպումներ եղել են մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց այս պահի դրությամբ դեռ պրոցեսներ են ընթանում։

«Որևէ վերջնական եզրահանգում չկա։ Դատական պրոցեսի մեջ է, որովհետև։ Մարզպետը նշել էր, որ կլինի դատարանի որոշումը, այդպես էին բանակցություններն ընթացել, դրա համար էր 5 ամիս առաջ այդպես ասվել։
Դիտարկմանը՝ փաստացի, նախկին տնօրենը դատը շահել է, ինչո՞ւ չի շարունակում աշխատել դպրոցում, նա նշեց․

«Ոչ թե դատը շահել է, այնտեղ այսպես է ձևակերպումը եղել, որ մարզպետի կողմից տրված նկատողությունն օրինական է եղել, սակայն տեխնիկական խնդիր է եղել ամսաթվի հետ կապված, պիտի վաղը տար, այսօր է տվել, մի քանի ժամվա տարբերությամբ։ Դա է եղել պատճառը, որ «դատը շահել է», բայց ըստ էության՝ նկատողությունը լրիվ եղել է իրավաչափ։

Դիտարկմանը, որ մարզպետի այդ որոշման պատճառով երեխաներն են զրկվում կրթություն ստանալու իրենց իրավունքից, Նանե Ավանեսյանը նկատեց․

«Ըստ էության՝ երեխաների կրթության իրավունքը խաթարողը հենց գործադուլ անողներն են, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն նախկին տնօրենին։ Աշակերտները որևէ դիրքորոշում չեն հայտնել, այս պրոցեսներին կարելի է ասել՝ չեզոք են։ Իրենք զուտ իրենց դասի գնալու կողմնակից են։

Դասադուլն արհեստական պրոցես է․ հրահրողն այսպես ասած աշխատակիցներն են, որոնք չեն գնում աշխատանքի։ Մի խումբ ծնողների ևս ուղղորդում են, ոչ բոլորն են միանում»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ մարզպետն անձամբ չի այցելում դպրոց և չի փորձում հանդիպել դպրոցի աշխատակիցներին, ծնողներին և աշակերտներին, Նանե Ավանեսյանն ասաց․

«Մարզպետը միջոցառումների է լինում, նիստերի է լինում։ Գուցե և գնա»։

Նշենք, որ Oragir.News-ին ծնողներն ու բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են պահանջել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրաժարականը՝ նշելով, որ իրենք ընտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիմա նրանից պահանջելու են մարզպետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից ազատելու պատճառով դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել։ Պահանջին միացել են նաև ծնողներն ու համագյուղացիները։

Ամենից շատ դիտված