Ուղիղ եթեր
Հրաման չկա, դա դիրքորոշում է․ 100-անոցներով վճարելու պարտադրանքն ապօրինի է
copy image url

Հրաման չկա, դա դիրքորոշում է․ 100-անոցներով վճարելու պարտադրանքն ապօրինի է

Ներքին 5 ամիս առաջ - 18:30 31-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիները ստիպված են լինելու օնլայն ուղետոմսեր գնել կամ էլ իրենց մոտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ, քանի որ վարորդներն այլ մետաղադրամներ ու թղթադրամներ չեն ընդունելու։ Երևանի քաղաքապետարանի այս որոշումը բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություններ է առաջացրել, քանի որ օնլայն ուղետոմսեր գնելն այնքան էլ հարմար չէ, իսկ 100 դրամանոց մետաղադրամ միշտ չէ, որ հնարավոր է լինում գտնել։

Օրերս տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում հանրային տրանսպորտում 100 դրամից բացի այլ նոմինալների դրամներով վճարումների արգելքը որակել էր «100 դրամանոց անգրագիտություն», նշել, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։ Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը, չունենալով նման լիազորություններ, փաստացի սահմանափակել է ՀՀ դրամի առանձին նոմինալներով մետաղադրամների եվ թղթադրամների ընդունումը։

Ռազմական և անվտանգային հարցերոցվ փորձագետ Վահագն Մխոյանը նշել էր, որ 100 դրամանող մետաղադրամներից օգտվելու պարտադրանքն ապօրինի է և այն հակասում է միանգամից մի քանի օրենքի։ Ըստ գրառման՝ Երևանի քաղաքապետարանի այս պարտադրանքն իրավական ձևակերպում չունի և իր տեղեկություններով այն ձևակերպվել է որպես Տիգրան Ավինյանի խնդրանք, ինչը լիովին ապօրինի է։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հետաքրքրվեց, ի՞նչ իրավական հիմքով է հանրային տրանսպորտում մյուս մետաղադրամների և թղթադրամների կիրառությունն արգելվել, առկա՞ է քաղաքապետի համապատասխան որոշում, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է, որ 100 դրամին այլընտրանք առաջարկվում է օնլայն ուղետոմս գնել և դրանք կիրառել ավտոբուսներում տեղադրված վալիդատորների միջոցով։

«Բացի այդ, որպես այլընտրանք, եթե մարդը չունի սմարթֆոն կամ 100 դրամանոց մետաղադրամ, Թելլ Սելի վճարային տերմինալների մեջ կարող է 200 դրամանոց մետաղադրամ գցել, 100 դրամ մանրադրամը ստանալ, իսկ ստացած QR կոդը ավտոբուսում օգտագործել։ Այսինքն՝ բացի 100 դրամից, մյուս մետաղադրամները կարող են օգտագործվել վճարային ապարատից QR կոդ գնելու ժամանակ, ոչ թե ավտոբուսում»,- ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Մեզ տեղեկացրեցին նաև, որ այս որոշման նպատակը հնարավոր ստվերի դեմ պայքարն է, որը կարող էր բավականին խնդրահարույց լինել՝ առձեռն վճարումներ կատարելու պարագայում։

Հարցին, թե ինչու է հանրային տրանսպորտում միայն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքեր տեղադրվել՝ մեզ պատասխանեցին՝ որոշ ժամանակ անց այնուամենայնիվ անցում է կատարվելու միասնական տոմսային համակարգի, ուստի իմաստ չուներ, որ համայնքը շատ ավելի թանկ գնով այլ մետաղադրամներ ընդունող սարքեր էլ գներ․ «Դա համայնքի վրա լրացուցիչ բեռ էր լինելու, որը երկարաժամկետ չէր ծառայելու։ Դրա համար ընդունվեց այդ տարբերակը, որ միայն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունվեն»։

Oragir.News-ի հարցին՝ կա՞ Երևանի քաղաքապետի համապատասխան հրաման, որով երթուղայիններում բացառապես 100 դրամանոց մետաղադրամներ են ընդունվելու, թե՞ որոշումը ներքին կարգով է կայացվել՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ դա Երևանի քաղաքապետարանի ընդունած դիրքորոշումն է։

«Դա քաղաքապետարանի ընդունած դիրքորոշումն է՝ վաղվա հետ կապված, ի՞նչ հրաման է պետք Ձեզ լրացուցիչ։ Այն, ինչը մեր պաշտոնական աղբյուրներում դրված է, դա կարող եք որպես հիմք վերցնել։ Քաղաքապետարանի ցանկացած հրապարակում, որը տեղադրվում է պաշտոնական տեղեկատվական աղբյուրներում, արդեն պաշտոնական հիմք է ենթադրում։ Առանց պաշտոնական դիրքորոշման՝ պաշտոնական էջերում որևէ մեկը հայտարարություն չի տարածի»։

Այսպիսով՝ դատելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տրամադրված պատասխանից, ստացվում է, որ չկա որևէ պաշտոնական որոշում, որով արգելվում է հանրային տրանսպորտում այլ 100 դրամից բացի այլ մետաղադրամներով վճարում կատարել ու համապատասխան կարգադրությունն իջեցվել է ներքին կարգով, գուցե հենց Տիգրան Ավինյանի անմիջական խնդրանքով, ինչպես գրել էր Վահագն Մխոյանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում