Հրաժեշտ աթոռին. Քոչարյանը կհասկանա ակնարկն ու հրաժարական կտա
copy image url

Հրաժեշտ աթոռին. Քոչարյանը կհասկանա ակնարկն ու հրաժարական կտա

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:00 29-10-2024
ՔՊ-ում ազատվում են կադրերից։ Պատճառների մասին ժողովրդի հետաքրքրությունը բավարարում են ասեկոսեներով։ Շաբաթներ առաջ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դիմում գրեց ու գնաց։ Ո՛չ նա ասաց բուն պատճառների մասին, ո՛չ թիմը պարզաբանեց։ Հոկտեմբերի 28-ին էլ լուր տարածվեց, թե ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բարձրացրել են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն։

Ինչու՞ են ուզում ազատվել Քոչարյանից։

Քոչարյանի հեռացումը կապում են նաև օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ՔՊ-ական պատգամավորի ու Քննչական կոմիտեի պետի վիճաբանության ժամանակ Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ հարթել վեճը, ցույց տալով, որ չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Արդյունքում նրանից դժգոհ մնացին Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Քյարամյանը և ՔՊ ղեկավարությունը։ Այս տհաճ միջադեպն էլ նրա պաշտոնանկությունը քնարկման հարց է դարձրել։ Սակայն սա միակ վարկածը չէ։

Մեկ այլ վարկած կապվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության հետ։ Ասում են, թե քննիչ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության նախագիծը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ամբողջ մեղքը չի բարդվել նախկինների վրա։ Ավելի քան երեք տարի այս հանձնաժողովը Քոչարյանի գլխավորությամբ փաստահավաք էր անում, քննում պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներին, սպաներին, որ ապացուցեր Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։ Սակայն դա չի հաջողվել։ Եվ այդ է պատճառը, որ ՔՊ-ն հեռացնելու է նրան։

Երկրորդ վարկածն առնչվում է ԱԺ հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության հակասություններին։ Ասում են, թե Քոչարյանը վիճել է Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական քաղաքականության հարցերի, բյուջեում նախատեսվող տողերի շուրջ։ Նախարարին դուր չի եկել Քոչարյանի տոնը։ Ու նրա պահանջով էլ քննարկվում է Քոչարյանին հեռացնելու հարցը։

Մեկ այլ վարկած կապվում է սերնդի հետ։ Երիտասարդ ՔՊ-ականներին կաշկանդում է Քոչարյանի տարիքը։ Նրանց դուր չի գալիս, որ Քոչարյանը վերևից է խոսում, հեգնում, դասեր տալիս։ Եվ ուզում են նրան փոխարինել երիտասարդ կուսակցով, որի հետ կարող են անկաշկանդ շփվել, կատակել, չարություններ անել։

Ոչ պակաս ուշագրավ է ռուսական հետքը։ Տևական ժամանակ ՀՀ պաշտպանության քաղաքականությունը որոշում էր Մոսկվան։ Նախարարության ու ԳՇ ղեկավարները անթաքույց ռուսամետ դիրքորոշում էին հայտնում, նրանց մեծ մասը ՌԴ քաղաքացի էր։ Ռուսաստանի առաջարկությամբ էին նշանակվում այս ոլորտի պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանն այս պաշտոնին է 2018-ից։ Նշենք, որ 2018-ին իշխանափոխությունը տեղի է ունեցել ռուսների ակտիվ միջնորդությամբ։ Իշխանության մեջ բազմաթիվ պաշտոնյաներ նշանակվել են ռուսների առաջարկությամբ։ Ենթադրելի է, որ Քոչարյանին այս պաշտոնում առաջադրել է Մոսկվան։ Այսինքն՝ նա համարվում է ռուսական կադր։ Ներկայում ՀՀ պաշտպանության բազմաթիվ թեմաներ քննարկվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ։ Դրա ակնառու վկայությունը ԵՄ առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին։ Հաշվի առնելով նոյեմբերի վերջին սպասվող ագրեսիայի վտանգը, ԱՄՆ-ի ԵՄ-ի հետ մշակվող պաշտպանական ծրագրերը, ՔՊ-ն արևմտյան գործընկերների խորհրդով՝ փորձում է ազատվել այս ոլորտում մնացած վերջին ռուսական կադրից։

Չի բացառվում նաև, որ այս լուրը կեղծ է։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 29ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու հարց ՔՊ օրակարգում չկա։ Եթե իրոք չկա, ապա կարելի է ասել, որ ՔՊ-ն ապատեղեկատվության արտահոսք է կազմակերպել բացառապես Անդրանիկ Քոչարյանի համար։ Ու եթե առաջիկայում նրան չնշանակեն ավելի բարձր պաշտոնի, ապա նա, հասկանալով իրեն ուղղված ակնարկը, կհետևի Գրիգոր Մինասյանի օրինակին՝ հրաժարական կտա։

Պարզ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի աթոռին հրաժեշտը ժամանակի հարց է։ Ինչպես ասում են՝ վանդակի պատուհանը բացվել է։

Թաթուլ Մկրտչյան