Լառու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ գյուղի դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը մինչև 2018 թվականի «հեղափոխությունը» եղել է ՀՀԿ-ական, բոլոր ընտրություններին աշխատել է բացառապես Հանրապետականի համար, բայց այսօր մոլի ՔՊ-ական է և հարցեր է լուծում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին բնակիչները։
«Մինչև 2018 թվականը Արմինե Երիցյանը ՀՀԿ-ական փող բաժանող էր, կռիվ էր տալիս Հանրապետականի համար, աշակերտների ծնողներին տարբեր ձևերով հասկացնում, որ պետք է ՀՀԿ-ին ձայն տան և այլն։ 2018 թվականին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, այս կինը շատ արագ «կողմնորոշվեց» և Վերջին զանգի սցենարում փոքրիկ, բայց կարևոր դետալ ավելացրեց, աշակերտները գոռացին՝ «Մերժի՛ր Սերժին»։ Դրա մասին իմացան նաև ՔՊ-ականները, հատկապես Լոռու մարզի թևը՝ Պապիկյան Սուրեն, Մկրտչյան Արեն։
Դրանից հետո այս տնօրենի «բախտը բացվեց», դարձավ ՔՊ-ական գործիչ, գյուղում կշիռ ունի, հարցեր է լուծում, բոլորին ճնշում է, գիտի, որ թիկունքին ՔՊ-ն կանգնած է։ Ընտրությունների ժամանակ էլ աշխատում է բացառապես ՔՊ-ի համար»,- ասաց մեր աղբյուրը։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Արևածագի դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանի հետ, վերջինս հերքեց իրեն ուղղված մեղադրանքը, թե փող է բաժանել ՀՀԿ-ի համար։
«Ես ոչ մի ընտրությանը փողի հետ կապ չեմ ունեցել, դա գյուղացիներն էլ կարող են ասել։ Իմ ձեռքը բացարձակ ոչ մի կոպեկ ընկած չի եղել, որ ես որևէ մեկին տամ, նման բանը բացառվում է։ Դա հերյուրանք է, ես կարող եմ պատիվ պահանջել։ Նման բան գոյություն չունի»,- ասաց Արմինե Երիցյանը, ապա հավելեց, որ ժամանակին եղել է Հանրապետական, 1 տարի առաջ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անդամ։
Ինչ վերաբերվում է համայնքի բնակիչների նկատմամբ իր կողմից ճնշումներին, Արմինե Երիցյանն ասաց.
«Ես ոչ մեկի հանդեպ ոչ մի ճնշում չեմ օգտագործում։ Ես 26 տարվա տնօրեն եմ գյուղում ու հարգանք ունեմ։ Եղա՞վ։ Այդ հերյուրանքները պարզաբանեք, որ իմանամ։ Ոչ մեկը չի կարող ասել, որ ես որևէ մեկին մի բանում ստիպում եմ, Դուք կարող եք իմ կոլեկտիվում էլ հարցում անեք, ծնողկոմիտեին էլ հարցում անեք։ Նման բան հնարավոր չէ»։
Արևածագի դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս որոշեց ՀՀԿ-ից դուրս գալ և մտնել ՔՊ։
«Ես ընդունեցի իրենց տեսակետը, ես հիմա ավագանի եմ Ալավերդու համայնքապետարանում»,- ասաց դպրոցի տնօրենը։
Ինչ վերաբերում է 2018 թվականի Վերջին զանգի միջոցառման ժամանակ աշակերտների կողմից «Մերժի՛ր Սերժին» բացականչությանը, դպրոցի տնօրենը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։
«Ես չեմ հիշում նման բան, երևի չի եղել, որ ես չեմ հիշում։ Կարող է՝ մի տարի առաջվանն էլ չհիշեմ, հնարավոր չէ՞ դա, հնարավոր է, չէ՞։ Ես այս պահին չեմ կարող ասել, բայց ինձ չի թվում, որ գոռացել են…
Ոչ մի նյութ չգրեք, եթե հիմք չունեք, եղա՞վ, որովհետև դրանք լրիվ հերյուրանքներ են, լրի՛վ»,- եզրափակեց Արևածագի դպրոցի տնօրենը։