Շիրակի մարզպետի աշխատակազմում ՊՎԾ-ն ստուգումներ է անում
copy image url

Շիրակի մարզպետի աշխատակազմում ՊՎԾ-ն ստուգումներ է անում

Ներքին 5 ամիս առաջ - 13:00 25-10-2024
Վերջին շրջանում Շիրակի մարզպետի աշխատակազմում շատացել են պաշտոնյաների ձերբակալության դեպքերը։ Այս տարվա ընթացքում արդեն 3 պաշտոնատար անձ է ձերբակալվել։

Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի առաջատար մասնագետ Մկրտիչ Ասատրյանը, իսկ մյուս ձերբակալվածը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն է։

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցից մոտ մեկ շաբաթ անց Շիրակի մարզպետի աշխատակազմում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ են սկսվել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է այս անգամ իշխանության «զոհը»: Ամենայն հավանականությամբ, Մուշեղ Մուրադյանին Փաշինյանը պատրաստվում է տուն ճանապարհել։

ՊՎԾ ստուգումների վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Ձեզանից եմ իմանում, եթե ինչ-որ բան ճշտեցի, կասեմ»,- հայտարարեցին մարզպետի աշխատակազմից։

Դեռ տարեսկզբից խոսակցություններ կային, որ Շիրակի մարզպետը պիտի պաշտոնանկ արվի։

Նշենք, որ Մուշեղ Մուրադյանը իշխանափոխությունից հետո ամենաերկար կառավարած մարզպետն է։ 2018-ից հետո Շիրակի մարզում 5 մարզպետ է փոխվել։

Ամենից շատ դիտված