«Քաղաքացիական պայմանագիրն» Արդարադատության նախարարի թեկնածու այդպես էլ չի ընտրել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի ՔՊ անդամ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։
«Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- նշեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ում կադրերի սով կա, դրա համար են նաև կուսակցությունից դուրս թեկնածու փնտրում, ԱԺ նախագահն ասաց՝ մարդկանց ռեսուրսների սով կա բոլոր բնագավառներում, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություններում, իսկ հիմա խոսքն այնպիսի պատասխանատու ոլորտի մասին է, ինչպիսին է արդարադատությունը։
«Եթե խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ պետք է մի մասնագետ լինի, որ նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ընդգծեց նա։
Սիմոնյանը նաև հավելեց, որ իր կարծիքով պարտադիր պայման է, որ արդարադատության նախարարն իրավաբանի կրթություն ունենա։