Երեկ՝ հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը հանդիպել է «կարծիք ձևավորող և տարածող անձանց», քննարկելու՝ կրթությունը հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը դարձնելու հարցը։
Այս քննակմանը մասնակցել են նաև սոցիալական հարթակներում հայտնի Մանվել Սարհատյանը և Ալինա Մախսուդյանը։
Oragir.News-ը կապ հաստատեց Մանվել Սարհատյանի հետ, պարզելու՝ ինչպե՞ս է ինքը հրավիրվել, և ի՞նչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ հանդիպումը նման խառնաշփոթ ստեղծել։
«Նաև դուք կարող եք հանդիպել։ Չեմ կարող ասել, թե ինչ հանգամանքներ հաշվի առնելով են ինձ հրավիրել։ Բայց, ուրեմն, եղել են հանգամանքներ, որ հաշվի են առել և հրավիրել են։ Ու այդ մասնակիցներով չի ավարտվում այդ հանդիպումները, և կարող են մասնակցել այլ քաղաքացիներ։ Բոլորի համար դաշտն ազատ է։ Էնպես չի, որ պետք ա որոշ քաղաքացիներ, ընկերներ, շատ սիրելի հայրենակիցներ նեղսրտեն այդ հանդիպումից»,- ասաց նա։
Ըստ Մանվել Սարհատյանի՝ շատ մարդիկ են հրավիրված եղել, բայց նրանցից շատերը ներկա չեն գտնվել։
«Միգուցե իրենք չեն ցանկացել, թե միգուցե այդ օրն իրենց հարմար չի եղել, ես չեմ կարող ասել։
Այդ հանդիպումը եսիմ ինչ էլ չէր, էսիմ ինչեր չարին։ Այդտեղ ընդամենը էն, ինչ ես եմ ընկալել՝ կրթության խնդիրն էր քննարկվում, որ ես հասարակ մարդու հետ շփվելու խնդիր ունեմ։ Դուք հիմա ինձ զանգել եք, եթե Դուք ինձ երեկ չէ, առաջին օրը զանգեիք, ես Ձեզ հետ կարող ա ուրիշ տոնայնությամբ խոսեի՝ ոչ հաճելի։ Բայց այո՛ երեկվա հանդիպումը ինձ սովորեցրեց, որ իմ խոսքը տարածելու, մարդու հետ շփվելու խնդիր ունեմ։ Դա ուղիղ կապ ունի կրթության հետ։
Մենք պետք է կարողանանք իրար սիրել՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Հանդիպումից ես հասկացա մի բան, որ ես, այո, կրթվելու խնդիր ունեմ»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե ինչու՞ է Աննա Հակոբյանը ընթերցել Խորենացու «Ողբը»՝ Մանվել Սարհատյանը պատասխանեց․
«Ոչ մեկ չի հարցրել։ Ես չեմ կարդացել, ոչ թե մենակ Խորենացի, այլ շատ գրքեր չեմ կարդացել, որը սխալ եմ արել։ Կաշխատեմ, որպեսզի այդ սխալս ուղղեմ, շատ գրքեր կարդամ»,- ասաց նա։
Oragir.News-ի հետ զրույցում հանդիպմանը ներկա գտնված Ալինա Մախսուդյանն էլ նշեց, որ շատ գոհ է կազմակերպած հանդիպումից։ Ըստ նրա՝ քննարկմանն այնպիսի մարդիկ էին ներկա, ովքեր կապ չունեն ԿԳՄՍՆ-ի հետ, սակայն կապ ունեն մարդկանց հետ օնլայն հարթակում։
«Այդ մարդկանց մեջ կային և՛ բարձրագույն կրթություն ունեցողներ, և՛ թերի բարձրագույն, և՛ միջնակարգ, և՛ ռուսական կրթություն ունեցողներ։ Հավաքվել էին մարդիկ, ովքեր պետք է և՛ զբաղվեն կրթվելով, և՛ զբաղվեն մարդկանց կրթելով իրենց հնարավորության սահմաններում։
Պետք է հեղափոխության էյֆորիայից դուրս գալ։ Ճիշտն ասած՝ իմ մոտ մի քիչ բարդ եղավ այդ դուրս գալը։ Ես դուրս եմ եկել 2-3 տարի առաջ։ Պետք է դուրս գալ և արդեն սկսել մեկ այլ՝ ավելի հաճելի, ավելի բարձր մակարդակի, ավելի հետաքրքիր նյութերը ժողովրդին մատուցել։
Այդտեղ չէին հավաքվել մարդիկ, որոնց ինչպես կհրահանգվի՝ այնպես կանեն, այլ ընդհանուր քննարկում էր այն ամենի մասին, ինչը կատարվում է օնլայն հարթակում, իսկ ինչ կատարվում է օնլայն հարթակում, չեմ ուզում վատ բառ ասել, բայց խայտառակություն է»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, որ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանի Մովսես Խորենացու «Ողբը» լայն քննարկումների առիթ է հանդիսացել, մասնավորապես՝ մարդկանց կարծիքով՝ դա նախազգուշացում է, Ալինա Մախսուդյանը նկատեց, որ ինքը կարդացել է Խորենացու «Ողբը», սակայն ուշադրություն չի դարձրել այդ տողերին։
«Ես այն մարդկանցից եմ եղել, որ կարդացել եմ մեր ազգի մասին վեհագույն բնորոշումը, որ տված ա; Աայո՛, ես էլ հպարտացել եմ, որ մեզ բնութագրում են վեհագույն ազգ, բայց ինչը, որ ներքևում է գրած, դրա վրա ուշադիր չեմ եղել։ Ներքևում գրված է, որ մեր մանկավարժները մանկավարժ չեն, մեր ուսուցիչները սխալ են ուսուցանում և այլն։
Ինքը տարբեր հատվածներ է կարդացել, երևի կամերան այդ հատվածն է ֆիքսել։ Մենք շատ բաներ ենք կարդացել։ Մենք վարչապետի խոսքերն ենք ուսումնասիրել»,- նշեց նա։
Նախկինում Ալինա Մախսուդյանը բարձրաձայնում էր այն մասին, որ Գարիկ Սարգսյանը իր մորաքրոջ հարսներին տեղավորում է աշխատանքի։ Դիտարկմանը՝ ինչ է փոխվել, ինչպես սկսեց սատարել Գարիկ Սարգսյանին, նա նկատեց՝
«Ես այդ ժամանակ ոչ մեկի կողմից չեմ եղել։ Ես այդ դպրոցի հարցերին խառնվել եմ, երբ ինձ խնդրել են մանկավարժները և ծնողները։ Ինձ այնտեղ տարել է ծնող։ Ես այնտեղ գնացել եմ ոչ թե ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ, անձ Գարիկ Սարգսյանի դեմ չէ, այլ ես գնացել եմ մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ, որն ուզել է իր մորաքրոջ հարսին դարձնի տնօրեն։
Գարիկ Սարգսյանը, երբ առաջադրվել էր Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկանածու, առաջադրվել էր ՔՊ-ի կողմից։ Քանի որ ես սատարում եմ ՔՊ-ին… Այսինքն՝ ես Գարիկ Սարգսյանի հետ համաձայն չէի մորաքրոջ հարսի հարցում։ Բայց ես իմ երկրի ղեկավարի հետ համաձայն եմ, եթե ինքը տեսնում է Գարիկին որպես թեկնածու Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնում»,- եզրափակեց նա։