Երևանի քաղաքապետարանը ավտոբուսներում WiFi սարքեր է տեղադրել, բայց դրանք չեն աշխատում: Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչներից մեկը:
«Խոսքը կապույտ ավտոբուսի մասին է: Ես ընդհանրապես չեմ օգտվել ավտոբուսի WiFi-ից, քանի որ իմ հեռախոսի ինտերնետն ամբողությամբ բավարարել է: Այսօր առավոտյան հասկացա, որ մոռացել ու ինտերնետի վճարումը չեմ արել, ավտոմատ անջատվել է: Աշխատանքի էի գնում, հիշեցի, որ ավտոբուսներում դեռ նախորդ տարի WiFi սարքեր են տեղադրել քաղաքացիների համար, որոշեցի ինտերնետին միանամ, բանկային հավելվածով լիցքավորեմ, հեռախոսիս ինտերնետն ակտիվանա: Բայց ի՞նչ, պարզվեց՝ քաղաքապետարանի տեղադրած WiFi սարքերը չեն աշխատում, 10 րոպե չարչարվելուց հետո հասկացա, որ անիմաստ է:
Սա խոսում է քաղաքային իշխանության փնթի աշխատանքի մասին: Հենց գովազդվելու կարիք է լինում, Ավինյանը ավտոբուս է քշում, ճոճանակի բացում է անում և այլն։ Լա՛վ է անում, բայց պետք է նաև հետևողական լինել:
Որպես երևանցի, ինձ շատ հետաքրքիր է, թե մեր վճարած հարկերից որքա՞ն գումար է տրամադրվել ավտոբուսներում WiFi սարքեր տեղադրելու համար»,- բողոքեց քաղաքացին, ապա հավելեց, որ ավտոբուսներում կանգառի կոճակների, ինչպես նաև հեռախոսների լիցքավորման համար նախատեսված usb մուտքերի մեծ ծասը ևս չեն աշխատում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2023 թվականի օգոստոսի 28-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել էր, որ միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։
«Քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլև տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար WiFi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ»,- նախորդ տարի ասել էր փոխքաղաքապետ Ավինյանը։
Oragir.News-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանի հետ։ Վերջինս նշեց, որ տեղյակ են խնդիրներից, հիմա քայլեր են ձեռնարկում դրանք վերացնելու ուղղությամբ։
«391 ավտոբուսներից 361-ում տեղադրված են WiFi սարքեր։ Մնացած 30 ավտոբուսներում, ինչպես նաև նոր եկած 170 ավտոբուսներում դեռ չկան։ Մինչև տարեվերջ պետք է մրցույթ հայտարարվի, դրանց համար ևս սարքեր ձեռք բերվի, այնուհետև բոլոր սարքերը կուսումնասիրենք, որից հետո խնդիրները կվերանան։
Մենք էլ ենք առնչվում այդ խնդիրների հետ՝ ավտոբուսը GPS-ում չի երևում և այլն։ Շաբաթ-կիրակի ես էլ եմ օգտվում տրանսպորտից, պարբերաբար փորձում եմ WiFi-ին կպնել, կա մեքենա, որ լինում է, բայց կան մեքենաներ, որ չի լինում։
Դրանք հենց ամենասկզբից մի քիչ արագ տեղադրվել են, մի քիչ մոնտաժային խնդիրներ կան․․․ Տարվա վերջում ուզում ենք փակենք այդ թեման, որ հա՛մ մեքենաների մեջ WiFi լինի, հա՛մ էլ GPS-ներով տեսանելի լինեն»,- ասաց Կիրակոսյանը։
Հարցին՝ 361 ավտոբուսներում ե՞րբ են տեղադրվել WiFi սարքերը, յուրաքանչյուրի համար Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է վճարել, Բեգլար Կիրակոսյանը պատասխանեց․
«WiFi սարքերը նախորդ տարի են տեղադրվել։ Իմ իմանալով՝ մրցույթ է եղել, և 1 սարքը 145․000 դրամով է գնվել և տեղադրվել»։
Փաստացի 361 սարքի համար վճարվել է 52 միլիոն 345 հազար դրամ, շուրջ 135․000 դոլար։
Բեգլար Կիրակոսյանը նշեց, որ WiFi սարքերն աշխատում են «Team Telecom Armenia»-ի տրամադրած քարտերով, որոնք անվճար են ինտերնետ հասանելիություն ապահովում։
«Միայն քարտերն են «Team Telecom»-ինը, որոնք անվճար են տրամադրվել, դրանց համար ամսական գումար չկա, համենայն դեպս մենք վճարում չենք կատարում, ոչ էլ քաղաքապետարանը։ Իրենք իրենց ինտերնետ հասանելիությունը միշտ ապահովում են, խնդիրն այստեղ մեր սաքերի մոնտաժի հետ է կապված։ Շուտով թիմ է ձևավորվելու, մեզ օգնելու են նաև ՏՏ ոլորտով զբաղվող մեր համապառասխան ՓԲԸ-ները»,- նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը։
Անդրադառնալով ավտոբուսներում «Stop» կոճակների անսարքությանը՝ Բեգլարյանն ասաց, որ դրանք հիմնականում առկա են 3 տարի շահագործվող «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներում, որոնց կոճակներն աշխատում են մարտկոցներով․
«Այդ հանձնարարականը 2 ամիս առաջ տրվել է։ Խոսքը հիմնականում 211 միավորի մասին է, որոնք 3 տարեկան են արդեն։ Դրանք աշխատում են փոքրիկ մարտկոցներով․ գնում են սերվիս-կենտրոն, տեղում ֆիքսում են խնդիրը և փոխում են։ Խոսքը «Ժոնգ Թոնգ»-ների մասին է, «MAN»-երը մարտկոցով չեն աշխատում, այլ սնուցվող հոսանքով, դրա համար նման խնդիր չենք ունենում»։
Վերադառնալով ավտոբուսներում WiFi-ի հասանելիությանը, Բեգլար Կիրակոսյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից որևէ խնդիր չլինի։