Համացանցում ակտիվ քննարկվում են Antheris-ի մեծ գնիջեցումներն ու գովազդային արշավը։
Մասնավորապես, մազահեռացման ոլորտի մասնագետները նշում են, որ «Antheris»-ը վարում է դեմփինգային քաղաքականություն։
Հիշեցնենք, որ Ավանտայի էսթետիկ բժշկության կենտրոնը վերաբրենդավորվել էր և այժմ ներկայանում է Antheris («Անթերիս») անվամբ և բրենդով։
Oragir.News-ի հետ զրույցում մազահեռացման ոլորտի մասնագետ Լիանա Մաթևոսյանը նշեց, որ արհեստական գնիջեցմամբ՝ իրենք փորձում են հասնել նրան, որ մնացածն էլ ստիպված իջեցնեն գները կամ ուղղակի դուրս գան մրցակցությունից։
«Դա ուղղված է ոլորտում մենաշնորհ վերցնելու քաղաքականությանը։ Միանշանակ կա քաղաքական ենթատեքստ, քանի որ ես չգիտեի՝ ով է կանգնած, այսպես ասած՝ վերևում։ Նրանք գումար աշխատելու միտում չունեն այս պահին, ունեն ուղղակի՝ փոքր բիզնեսին վնասելու միտում։ Այդ խնդիրն արդեն 5 տարի է։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում՝ կապ չունի մթերային խանութ ա, թե խնձոր վաճառող պապիկ ա Սիթիի կողքը։ Բոլորն էլ տեսել են՝ ոնց են գալիս, ծեծելով տանում։ Նույն բանն ա։ Հիմա մենք Սիթիի դիմացի խնձոր վաճառող պապիկն ենք»,- ասաց նա։
Լիանա Մաթևոսյանը կարծում է՝ այս ամենը կապ ունի Antheris-ի հիմնադիր Լիլիթ Թումանյանի հոր հետ։
«Կարծում եմ, որ կապ ունի այն, որ Լիլիթ Թումանյանի հայրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն է։
Հնարավոր է, հենց աղջիկը նման միտք չի ունեցել, որովհետև ինչքան ես հասկանում եմ՝ «Ավանտան» գները բարձրացրել էր, ինքը երևի իջեցնելով, փորձեց շուկան գրավի։
Ամեն դեպքում՝ նրանք շատ գովազդ են տալիս։ Արդուկի միջից էլ է հիմա «Անթերիսի» կամ «Իմ սիրունի» գովազդ։ Այդ մարդիկ բոլոր ռեսուրսներն օգտագործեցին, հետո զգացին, որ չեն շատանում իրենց հաճախորդները, որովհետև շատ որակով չեն իրենց ծառայությունները, որոշեցին երևի՝ այդ քաղաքականությամբ անել՝ չեք ուզում լավով, կլինի վատով»,- նշեց նա։
Ըստ նրա՝ Antheris-ում մոլորեցնում են հաճախորդներին՝ նշելով, որ այլ սարքավորումներ են։
«Ասում են՝ իրենց ապարատուրան այլ է, մնացածինը՝ չինական է։ Բա ինչակա՞ն պիտի լինի։ Գուցե ինչ-որ տարբերություններ լինեն՝ զուտ բրենդի տարբերություն։ Նենց չի, որ մեր սարքավորումները վատ են։ Եթե տենցա՝ իրենք ոչ թե մեր՝ սալոնների դեմ պիտի դուրս գային, այլ սարքավորումները վաճառողների։
Մենք գուցե ձայն չհանեինք, եթե իրենք չկպնեին մեզ, ասելով՝ գիտեք՝ մնացածն անորակ են անում, մենակ մենք ենք որակով անում։ Դա է հենց խնդիրը։ Իրենք հիմա հերիք չի՝ իջեցնում են գինն էնքան, որ նման գին չկա, մի հատ էլ վիրավորելով են դա անում։ Դա սխալ մոտեցում է, չպիտի վիրավորեն մնացածին»,- ասաց նա։
Լիանան շեշտում է, քանի որ Antheris-ի ներկա սեփականատեր Լիլիթ Թումանյանն առանձնացել է Ավանտայից, և հիմա, գուցե ամուսնուն վնասելու համար մեծ զեղչեր է դնում իր մատուցած ծառայությունների վրա, որպեսզի հաճախորդ հավաքի։
«Դրա համար կարելի էր մի քիչ խելացի մոտենալ ու ոչ թե այլոց վատաբանել, այլ կոնկրետ թիրախ ընտրել, չնայած՝ կապ չունի, նման բաները շատ կեղտոտ են դիտվում։ Հաճախորդին պետք չի ներգրավել քո անձնական կյանքի մեջ։
Մեկ այլ բան ասեմ՝ անուններն ու լոգոները նայեք։ «Ավանտան» իրենք բացեցին «Էփլի» լոգոյով՝ կծած խնձոր։ «Իմ սիրունը»՝ Սիրուն Մինասի անունը օգտագործեցին։ Ես լիքը մարդ գիտեմ, որ գիտեն, թե «Իմ սիրունը» Սիրուն Մինասինն ա։ Երրորդ քայլն՝ «Անթերիսն» ա, որը նման ա «Անտարեսին»։ Էս մարդիկ ուղղակի սիրում են ուրիշինը վերցնել։
Նշեմ նաև, որ նա իր աշխատողներին շատ քիչ է վճարում։ Օրինակ ես իմ աշխատողին տալիս եմ 30 տոկոս, մնացած խոշորները տալիս են 10-15 տոկոս, իրենք տալիս են 7 տոկոս։ Ոչ մեկը ոչ մեկի մասին չի մտածում այս երկրում, ու դա շատ ցավալի է։
Սկզբում ոլորտում երևի մենակ իրենք ունեին ալեքսանդրիտի համար սարքավորում։ Իրենք բավականին թանկ էին անում՝ ամբողջ մարմինը 120․000 դրամ։ Հետո երբ սարքը գնեցի, երևի՝ մի շաբաթ հետո Ավանտան գինը իջեցրեց 39․000 դրամ։ Հիմա էլ սա»,- եզրափակեց նա։