Գյումրիի Եսայան փողոցի բնակիչները դիմել են
Oragir.News-ին, որպեսզի լուսաբանվի իրենց թաղամասում առաջացած խնդիրը։
Բնակիչները ասում են, որ արդեն չորրորդ օրն է՝ իրենց փողոցում խմելու ջրի խոշոր խողովակ է տրաքել, և խմելու ջուրն անարգել հոսում է։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներն ասում են, որ դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, խոստացել են արագ կարգավորել, բայց փաստն այն է, որ հարցը դեռևս չի լուծվել։

««Վեոլիա Ջրից» չեն բարեհաճում գալ, տեսնել, թե ինչ է եղել։ Ո՛չ տեր կա, ո՛չ տիրական, հարցին էլ լուծում չկա...»,-ասում է բնակիչներից մեկը։
«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատ են, ընդ որում քաղաքի տարբեր թաղամասերից։ Գյումրիի Եսայան փողոցից ստացված ահազանգի վերաբերյալ
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլիա Ջուր» Շիրակ տեղամասից։

Մեր զանգերն անպատասխան մնացին, պարզվում է, որ այս կառույցում հատկապես 17:00-ից հետո հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Եսայան փողոցի բնակիչների ահազանգից օրեր անց էլ խնդիրը չի լուծվում։