Հայաստան և Ուկրաինա․ ռազմավարական դաշնակիցների տարբերությունը
copy image url

Հայաստան և Ուկրաինա․ ռազմավարական դաշնակիցների տարբերությունը

Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 21:00 27-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ուկրաինայում ավելի քան երկուսկես տարի շարունակվող պատերազմում չափազանց մեծ նշանակություն ունի երկրի արևմտյան դաշնակիցների ցուցաբերած ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությունը, որի շնորհիվ ուկրաինական կողմը կարողացավ ոչ միայն դիմագրավել ռուսական ագրեսիային, այլև ազատագրել պատերազմի սկզբնական շրջանում կորցրած տարածքների մի մասը, իսկ արդեն այս տարվա օգոստոսին ներխուժել Ռուսաստանի Դաշնության տարածք՝ լուրջ խնդիրներ ստեղծելով վերջինիս համար։ Հենց այս աջակցության արդյունքում Ռուսաստանը պատերազմի տարբեր փուլերում ստիպված էր լինում իր զորքերը դուրս բերել Ուկրաինայի օկուպացված տարածքների մի մասից և ամրապնդվել մյուս մասում, մասնավորապես Դոնբասում, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն հայտնել։

Չնայած Ուկրաինայում պատերազմի ավարտը դեռևս չի նշմարվում, իսկ այդ երկրին ցուցաբերվող աջակցությունը արևմտյան երկրներում լուրջ դժգոհություն է առաջացնում, այնուամենայնիվ հավաքական արևմուտքը աջակցությունը չի դադարեցնում, և պարբերաբար լսում ենք, որ վերջինիս համար օգնության նորանոր փաթեթներ են նախապատրաստվում։ Ուկրաինայի դաշնակիցները գիտակցում են, որ եթե պատերազմն ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, ապա դրանով վերջինիս ախորժակը չի փակվելու, և ՌԴ-ն հայացքն ուղղելու է իրենց, ուստի, գիտակցելով սեփական ռազմավարական շահերը, շարունակաբար աջակցում են ուկրաինական դիմադրությանը։

Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները Ուկրաինային ֆինանսական աջակցություն են տրամադրում նաև Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից, որոնք եվոպական բորսաներում կազմում են շուրջ 200 միլիարդ եվրո, ամերիկյանում՝ 65 միլիարդ դոլար։ Վերջին շրջանում Արևմուտքում ակտիվորեն քննարկում են այս միջոցներն առհասարակ բռնագրավելու և դրանք որպես աջակցություն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, ինչին Մոսկվան կոշտ է արձագանքում՝ հայտարարելով, որ դա կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների խզման ու այլ գործողությունների։ Փորձագետներն ու վերլուծաբաններն այս սցենարը քիչ հավանական են համարում՝ չբացառելով, որ արևմուտքը կարող է մեծացնել այդ դրանցից ստացվող եկամուտներից այդ երկրին տրամադրվող աջակցությունը։

Անկախ այն բանից ռուսական ակտիվները կբռնագրավվե՞ն, թե՞ ոչ, Արևմուտքը նախորդ երկուսկես տարում Ուկրաինային ցուցաբերած աջակցությամբ փաստել է, թե ինչպես են վարվում իրական դաշնակիցները, երբ իրենց դաշնակիցը ենթարկվում է հարձակման իրեն տանսյակ անգամներով գերազանցող թշնամու կողմից կամ հայտնվում է նման հարձակման ուղղակի վտանգի առաջ։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից և դրան հաջորդած ցավալի իրադարձություններից հետո Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ պարբերաբար թշնամու կողմից հարձակումների էր ենթարկվում, իսկ իր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարբեր պատվարկներով չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Եթե 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնական Մոսկվան և վերջինիս խոսափողները պնդում էին, որ ռազմական գործողությունները ՀՀ-ի ինքնիշխան տարածքում չէին ընթանում ու այդտեղ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը պարտավորություններ չունեն, ապա արդեն 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ այդ պնդումները հօդս ցնդեցին, քանի որ ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, օկուպացրեց շուրջ 200 քառակուսի կմ տարածք, իսկ ՌԴ-ն փաստացի անգործություն ցուցաբերեց։

Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անգործություն դրսևորեց նաև Արցախի պարագայում, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ խաղաղապահ առաքելություն էր ստանձել, սակայն փայլուն կերպով այն տապալեց, ինչի վկայությունը հաշված օրերի ընթացքում Արցախի հայաթափումն էր։ 2023-ի սեպտեմբերին ռուսական կողմն իր անգործությունը հիմնավորում էր այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս՝ դրանով լեգիտիմացրել Բաքվի գործողությունները, որն իր մեջ ճշմարտության հատիկ այնուամենայնիվ պարունակում էր, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ ռուս խաղաղապահներն անգործություն էին դրսևորում նաև նախքան Պրահայի հայտարարություն, երբ ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, օկուպացնում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքները՝ Փառուխը, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, Քարագլխի բարձունքը և այլն։

Արդեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայից հետո, երբ թշնամու զինուժի կողմից թիրախավորվում էր ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատվածը, այդ թվում առողջարանային Ջերմուկ քաղաքը, Մոսկվայի և ՀԱՊԿ-ի խուսափողական, ոչ առարկայական գնահատականներից հետո Երևանը ստիպված եղավ վերարժեվորել իր դաշնակցային հարաբերությունները, հայտարարել Արևմուտքի հետ հարաբերությունների խորացնելու ցանկության մասին։ Պաշտոնական Երևանն այս հարցում սահմանափակվում է միայն հայտարարություններով և գործուն միջոցներ չի ձեռնարկում՝ ՌԴ-ից ունեցած կախվածությունը մեղմելու ու Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նպատակով։
Հանուն արդարության՝ անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն իրողությունը, որ արևմուտքն առնվազն այս պահի դրությամբ պատրաստ չէ Հայաստանին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը թույլ կտա դիմագրավել առկա անվտանգային մարտահրավերները։ Ասվածի վկայությունը ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան գագաթաժողովն էր, որտեղ Հայաստանը խորհրդանշական ֆինանսական աջակցության խոստում ստացավ, մինչդեռ շատ շրջանակներ համոզված էին, որ հանդիպումը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում ՀՀ-ի առաջին քայլն է լինելու, և մեր երկիրը լուրջ առաջարկ է ստանալու։

Այսպիսով՝ Ուկրաինային արևմուտքի կողմից շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերն ու պատերազմի չդադարող ռիսկը, ի ցույց են դնում իրական դաշնակցային հարաբերությունների բնույթը և փաստում, որ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին դաշնակիցներ չունի։ Այս իրավիճակում մեղավորության մեծ բաժին ունեն Հայաստանի գործող իշխանությունները, ովքեր իրենց վարած չհաշվարկված արտաքին քաղաքականության հետևանքով վատթարացրել են հարաբերությունները Հայաստանի բոլոր հնարավոր ու պոտենցիալ դաշնակից երկրների հետ, ինչպես նաև նույն Արևմուտքում անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերել, քանի որ հայտարարում են ՌԴ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին՝ իրականում ավելի խորացնելով այն։

Հաշվի առնելով Ուկրաինայի աշխարհագրական դիրքն ու ունեցած կարևորությունն իր դաշնակիցների համար, որը ոչ մի կերպ համեմատելի չէ ՀՀ-ի դիրքի ու կարևորության հետ, սակայն գերճկուն ու հաշվարկված արտաքին քաղաքականության դեպքում Երևանը նույնպես կարող է արևմուտքում դաշնակիցներ գտնել և զգալիորեն բարելավել իր անվտանգային ճարտարապետությունը, որը 2020-ից հետո խարխլվել է և առ այսօր չի վերականգնվել։ Ցավոք սրտի այս ուղղությամբ ՀՀ-ի քայլերը սահմանափակվում են միայն հայտարարություններով, որոնց միայն լարում են ՌԴ-ին իր դեմ, վերջինիս իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու հիմնավորումներ տալիս, իսկ մյուս կողմից իրական այլընտրանքներ չեն ապահովում, որը թույլ կտար դիմագրավել առկա անվտանգային մարտհրավերներին ու սպառնալիքներին։

Դավիթ Գույումջյան