Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը սեպտեմբերի 3-ին Կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից է տեղեկացել, որ դադարեցվել է իր անդամակցությունը միությանը:
Oragir.News-ի հետ զրույցում կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը նշեց, որ հայտարարության մեջ առկա չի եղել ոչ մի բացատրություն հեռացման պատճառների մասին:
Նրա պնդմամբ՝ մեղադրանքները, թե ինքը վարկաբեկել է Կոմպոզիտորների միությունը, իրականությանը չեն համապատասխանում։
«Այն ներքին պրոցեսները, որ տեղի են ունենում, դրանք բացառապես իրավական են և իրավական գնահատականներ են ստացել պետական համակարգերի կողմից։ Բոլոր գործողություններն ուղղված են եղել նրան, որ միությունն ունենա ճիշտ, թափանցիկ գործելաոճ, ունենա ճիշտ փաստաթղթաշրջանառություն։ Այս պահին միությունը նման գործելաոճ չունի»,- ասաց նա։
Անդրադառնալով իրեն հեռացնելու հարցին, Ումրոյանը նշեց, որ դա անօրինական է, և ամեն բան անելու է, որ ինքը վերականգնվի, և դադարեցվեն Կոմպոզիտորների միության նախագահի լիազորությունները։
«Չի ներվել, որ ես իրեն (Արամ Սաթյանին - խմբ․) չեմ աջակցել 2022թ․ին։ Ես բացահայտ աջակցել եմ երիտասարդ թեկնածուին, որը շատ ավելի մեծ հեռանկար ունի և շատ ավելի մեծ խնդիրներ կարող է լուծել։ Բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է»,- նշեց կոմպոզիտորը։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ, ով նշեց, որ մեկնաբանություններ չի ուզում տալ։
«Դիմեք իրավաբանին հարցերի պատասխանների համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Սերգեյ Ումրոյանին չի տեղեկացվել ո՛չ արտահերթ նիստի, ո՛չ հեռացման մասին, Սաթյանը նկատեց․
«Բոլորին տեղեկացվում է, մեյլին ուղարկվում է նիստի մասին։ Ինքը վարչության նիստերին երբեք չի մասնակցել»։
Մանրամասները՝ տեսանյութում։